Մամուլի տեսություն 15-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86683-Մամուլի_տեսություն_15_03_2018
Իրանական տարվա վերջին օրերին ստորագրվեց ՀԳՀԾ-ից հետո Իրանի նավթարդյունաբերության երկրորդ պայմանագիրը և ռուսները պաշտոնապես այդ բնագավառ մուտք գործեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2018 06:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-03-2018

Իրանական տարվա վերջին օրերին ստորագրվեց ՀԳՀԾ-ից հետո Իրանի նավթարդյունաբերության երկրորդ պայմանագիրը և ռուսները պաշտոնապես այդ բնագավառ մուտք գործեցին:

Իրան

Ռուսները պաշտոնապես Իրանի նավթարդյունաբերություն մուտք գործեցին

 

Իրանական տարվա վերջին օրերին ստորագրվեց ՀԳՀԾ-ից հետո Իրանի նավթարդյունաբերության երկրորդ պայմանագիրը և ռուսները պաշտոնապես այդ բնագավառ մուտք գործեցին: Պայմանագիրը կնքվել է նոր ձևաչափի համաձայն, որի նպատակն է «Աբան» և  «Փայդար-ե Ղարբ» համատեղ նավթային ավազանների ընդլայնումը: Պայմանագիրը ստորագրեցին Իրանի նավթի ազգային ընկերությունը, Ռուսաստանի «Զառոբեժնավթ» ընկերությունն ու «Դանա Էներժի» ընկերությունը: Անցած տարի նման օրերում Ֆրանսիայի «Թոթալ» ընկերության հետ կնքվեց «Հարավային Փարս» գազադաշտի 11-րդ բլոկի ընդլայնման պայմանագիրը: Պայմանագրին ռուսական կողմի մասնակցության բաժինը 80 տոկոս, իսկ իրանական կողմինը՝ 20 տոկոս է: Պայմանագրի գործադրման ժամկետը 10 տարի է, որը կողմերի համաձայնությամբ կարող է երկարացվել, որի արդյունքում առաջիկա 10 տարվա ընթացքում Իրանի արտադրաչափը պիտի հասնի օրական առավելագույնը 48 հազար բարելի: «Աբան» և «Փայդար-ե Ղարբ» նավթային ավազանների ընդլայնման նախագծի իրագործման ծախսը շուրջ 674 միլիոն դոլար է գնահատվել, որին պիտի ավելացնել 68 միլիոն դոլարի հասնող կողմնակի ծախսերը: Կարևոր կետն այն է, որ ռուսական կողմն իրանական երկու նավթային ավազաններն ընդլայնելու է օրվա վերջին տեխնոլոգիայից օգտվելով: Հիշյալ նավթային ավազանների պաշարները միասնաբար պատկանում են Իրանին ու Իրաքին: Իրաքն Իրանի կարևոր գործընկեր հարևանն է, որն Իրանի հետ 28 համատեղ նավթային ավազաններ ունի: Այս երկու նավթային ավազանների ընդլայնման համար Ռուսաստանի ընտրությունը պատահական չէ և մյուս դիմումների համեմատությամբ Իրանի նավթի ազգային ընկերությանը ներկայացված Ռուսաստանի առաջարկը առավել համոզիչ է եղել: Այս երկու նավթային ավազանների ընդլայնման նախագծի իրագործմամբ ոչ միայն անմշակ նավթի արտադրաչափը հավելում է կրելու, այլև Իրանի Իլամ նահանգում աշխատատեղեր են ստեղծվելու և տարածաշրջանում առաջին անգամ ESP պոմպերի նորոգության արհեստանոցներ են բացվելու: Նաև ակնկալվում է, որ ռուսական ընկերությունն այս տարածքում տեղադրի նավթային ավազանների վերականգնման համար նախատեսված իր տեխնոլոգիաները և իրանական կողմին ծանոթացնի այդ նոր տեխնոլոգիային ու այդ կապակցությամբ համապատասխան վարժություններ փոխանցի:

 

Էըթեմադ

Վրեժխնդիր Թերեզան

 

Մոսկվան ու Լոնդոնը մուտք են գործում Սառը պատերազմից հետո իրենց հարաբերությունների ամենադառն շրջանը: Բրիտանիայի վարչապետը չորեքշաբթի օրը պաշտոնապես Ռուսաստանին մեղադրեց «Միացյալ Թագավորության դեմ անօրինական բրտարարքներ գործադրելու» մեջ: Բրիտանիայի Սալզբերիում Ռուսաստանի նախկին մի լրտեսի թունավորումը Մոսկվայի դեմ Լոնդոնի խիստ հռետորաբանության պատրվակ է ծառայել: Մոսկվային ներկայացված Բրիտանիայի վարչապետի միակողմանի վերջնագրի ժամկետի ավարտին Լոնդոնը Ռուսաստանի դեմ խիստ քայլեր է ձեռնարկել, որոնց շարքում են գտնվում բարձր մակարդակի դիվանագիտական բոլոր շփումների դադարեցումը, մի խումբ ռուս դիվանագետների  արտաքսումը և այդ թեմայով ԱԽ-ի նիստ գումարվելու պահանջը: Բրիտանիայի վարչապետը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ Բրիտանիայի տարածքից արտաքսում է 23 ռուս դիվանագետների, հետ է վերցնում Բրիտանիա այցելելու համար Սերգեյ Լավրովին ուղղված հրավերը, դադարեցնում է Ռուսաստանի հետ բարձր մակարդակի դիվանագիտական շփումները և չեղարկում է Ռուսաստանի ֆուտբոլի համաշխարհային առաջնության մրցաշարին Բրիտանիայի պետական այրերի մասնակցությունը: Այս բոլոր քայլերը վերցվում են այն պայմաններում, երբ Ռուսաստանի կառավարությունը հերքել է Սալզբերիում ռուս լրտես Սքրիփալի ու նրա դստեր դեմ հավանական մահափորձին իր մասնակցությունը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ընդգծեց, որ Ռուսաստանին ուղղված մեղադրանքների համար Բրիտանիան որևէ ապացույց չի ներկայացրել և Ռուսաստանը հարցը քննարկելու և նախկին լրտեսի ու նրա դստեր դեմ մահափորձին մասնակցության շուրջ մեղադրանքներին պատասխանելու որևէ հնարավորություն չունի: Բրիտանիայի կառավարությունը 23 ռուս դիվանագետների այդ երկրի տարածքից հեռանալու համար մեկ շաբաթ ժամանակ է տվել: Սա վերջին երեք տասնամյակներում Բրիտանիայից ռուս դիվանագետների ամենամեծաթիվ արտաքսումը և միևնույն ժամանակ Սառը պատերազմից հետո Մոսկվայի ու Լոնդոնի միջև դիվանագիտական ամենախոշոր վեճն է համարվում: Այն պայմաններում, երբ Բրիտանիայի վարչապետը խիստ դիրքորոշում է ընդունել Մոսկվայի դեմ, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի պաշտոնատարներն էլ այդ կապակցությամբ Լոնդոնի վերցրած քայլերը: ԵԽ նախագահ Դոնալդ Թուսկն ասել է, որ Բրիտանիայի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման հարցը քննվելու է ԵԽ-ի առաջիկա շաբաթ գումարվելիք նիստում, իսկ ՆԱՏՕ-ն մի հաղորդագրություն հրապարակելով ու այդ հարձակման կապակցությամբ մտահոգություն հայտնելով, իր զորակցությունն է հայտնել Բրիտանիային:

 

Ալիք

Խելամիտ չի լինի, եթե ՀՀ-ին ստիպեն խզել հարաբերություններն Իրանի հետ. Վարդան Ոսկանյանը՝ ԱՄՆ-ի հնարավոր ճնշումների մասին

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի փոփոխությունը փաստացիորեն ցույց է տվել, որ Իրանն ազդում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին քաղաքական զարգացումների վրա:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ եթե հայտնի է, որ Միացյալ Նահանգները զանազան խողովակներով փորձում է ազդել Իրանի ներքաղաքական իրավիճակի վրա, ապա ակնհայտ է դառնում, որ Իրանն էլ հակաազդեցություն ունի Միացյալ Նահանգներում, ընդհուպ մինչև այն, որ Իրանի խնդիրը ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգում կարող է բերել պետքարտուղարի փոփոխության:

«Նոր պետքարտուղարի՝ Մայք Պոմպեոյի նշանակման մասին հիմա զանազան կարծիքներ են շրջանառվում: Հիմնական գերակշիռ մտայնությունն այն է, որ նոր պետքարտուղարը Թրամփի քաղաքական ուղեգծին ավելի համահունչ դիրքորոշում ունի՝ Իրանի հետ Միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնության համատեքստում:

Եվ ակնհայտ է, որ առնվազն հռետորաբանության մակարդակում Միացյալ Նահանգները կգնա ավելի խստացման»,- ասաց նա:

Գործնական տիրույթում, ըստ Վարդան Ոսկանյանի, ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրառվող քաղաքականության հարցում միայնակ է: Նկատեց՝ այս հարցում Եվրամիությունը չունի համաձայնություն ԱՄՆ-ի հետ:

Պատասխանելով դիտարկմանը, թե հաշվի առնելով Թրամփի առավել կտրուկ քաղաքականությունը, հնարավոր համարու՞մ է, որ ԱՄՆ-ն առճակատման գնա բոլորի հետ Իրանի հարցում, Վարդան Ոսկանյանը նկատեց, որ անգամ այդ պարագայում Իրանում ոչինչ չի փոխվի:

 

News.am

ՄԱԿ-ի կազմած աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 129-րդ տեղը

 

ՄԱԿ-ի կազմած աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում Հայաստանը  զբաղեցրել է 129-րդ տեղը: The World Happiness Report-ում ընդամենը 156 երկիր է ընդգրկվել: Վրաստանը 128-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ:

Երկրի գնահատման ժամանակ հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ այլն:

Ֆինլանդիան դարձել է ամենաերջանիկ երկիրը: Երկրորդ տեղում է Նորվեգիան: Բացի այդ, Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան եւ Ավստրալիան հայտնվել են առաջին տասնյակում: