Մամուլի տեսություն 09-04-2018
Սիրիայում քիմիական հարձակման սցենարը կրկին անգամ Սիրիան դարձրեց լուրերի գլխավոր խորագիրը:
Ջավան
Քիմիական ռմբակոծում հանուն Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության
Սիրիայում քիմիական հարձակման սցենարը կրկին անգամ Սիրիան դարձրեց լուրերի գլխավոր խորագիրը: «Սպիտակ սակրավորներ» կոչվող փրկարարական խումբը հրապարակել է պատկերներ, որոնք վկայում են Դամասկոսի արևելյան Ղութայի Դումա քաղաքի ռմբակոծման մասին և հավակնել է, որ Սիրիայի կառավարությունը ուղղաթիռի միջոցով քիմիական հարձակում է իրականացրել: Այն պայմաններում, երբ Սիրիայի բանակը վերահսկում է արևելյան Ղութայի 95 տոկոսը Սիրիայի կառավարությունն ու ռուսները քիմիական ռմբակոծումն արևելյան Ղութայի լիարժեք անկումը կանխելու նպատակով գործադրված սադրանք են համարում: Դումայի դեմ քիմիական հարձակման հավակնությունը ներկայացվել է Սիրիայից իր ուժերին շտապ հեռացնելու հարցի քննարկման համար Թրամփի հրամանագրի հրապարակումից միայն 10 օր անց: Հրամանագիր, որ ըստ Իսրայելի ԱԳ նախարարի ստորագրվել է առանց Թեալվիվի կարծիքը հարցնելու:
«Բի Բի Սի»-ի հաղորդման համաձայն Սիրիայի կառավարության ընդդիմադիրներն ու նրանց մոտիկ կանգնած խմբերը զոհերի նախնական թիվը 150 հոգի էին հայտարարել, ինչը ժամեր անց իջեցվեց 70 հոգու: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խաղաղ քաղաքացիների դեմ քիմիական ցանկացած տեսակի հարձակումը միջազգային օրենքների ու իրավունքի ոտնահարում համարելով հանդերձ ընդգծել է, որ ՄԱԿ-ը լիազորված չէ հաստատելու այդ մասին զեկույցները: Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ն քիմիական հարձակումն ահաբեկիչների ստահոդությունը բնութագրեց, իսկ Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ասաց, որ արևելյան Ղութայի Դումա քաղաքի դեմ քիմիական հարձակման մասին որոշ հավակնությունները կատարվել են պատճառաբանելու համար Սիրիայի դեմ հարձակումը: Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է. «Սպիտակ սակրավորները և Բրիտանիայում ու ԱՄՆ-ում հաստատված իրավապաշտպան խմբերը քիմիական նոր հարձակման մասին իրենց զեկույցներում հղում են կատարել այնպիսի զեկույցների, որոնք ավելի վաղ հաստատվել է, որ մշակվել են ահաբեկիչների հետ կնքված գործարքի արդյունքում»:
Սիրիական մի աղբյուր չբացառելով Դումայի քիմիական հարձակման գործին սաուդացիների մասնակցությունն ասել է. «Արաբիան գլխավոր դերակատարություն ունի և փորձում է փրկել իր վարձկաններին ու նրանց միջոցով ամերիկյան-սիոնիստական նախագծերի իրագործման հնարավորություն ստեղծել»: Թուրքիայի նախագահի խոսնակ Էբրահիմ Քալինն էլ ասել է. «ԱՄՆ կառավարությունը հայտարարում է, թե Սիրիայում իր հետապնդած գլխավոր նպատակը ԻԼԻՊ-ի ոչնչացումն է, սակայն այս առաքելությունը ժամանակի ընթացքում այլ տեսք է ստացել: ԻԼԻՊ-ի ոչնչացման նպատակը փոխարինվել է Ռուսաստանի ու Իրանի դիմակայմամբ: Վերջին ամիսներին առավել բացահայտ տեսք է ստացել այն իրականությունը, որ որպես Իրանին ընդդիմացող ուժ ԱՄՆ-ն ցանկանում է մնալ Սիրիայի արևելքում»:
Ջոմհուրի Էսլամի
Արաբ հետադեմ առաջնորդների լկտիությունը հասել է գագաթնակետին
Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ սիոնիստների պատերազմական ոճրագործություններ այսօր ամոթալի ծավալներ են ստացել: Պաղեստինցիները նոր կամքով ու վճռականությամբ սիոնիստ զավթիչների դեմ ընդվզում են սկսել և «Վերադարձի ուրբաթ» ռազմավարական կարգախոսով զավթված տարածքների տարբեր կողմերից շարժվելով պաղեստինցիների միահամուռ ընդվզման շքեղ տեսարաններ են հորինել: Սիոնիստական ռեժիմի բանակի դիպուկահարները գործի են անցել պաղեստինի պատանիների ու երիտասարդների դեմ և իրենց վայրագ հարձակումներով պաղեստինցիների ընդվզման առաջին օրը հրի ու սրի քաշեցին 18 պատանիների ու երիտասարդների: բացի այդ զավթիչների ոճրագործություններ այնպիսի ծավալ են ստացել, որ պաղեստինցիները միջազգային շրջանակներից օգնություն են խնդրել և պահանջել են այդ ոճրագործությունները դադարեցնելու համար ճնշում գործադրել սիոնիստների վրա: Այս միջոցին զարմանալի երևույթը սիոնիստների ոճրագործությունների դիմաց արաբ աշխարհի մահաբեր լռությունն է, որը ոչ միայն լռություն է պահել այս ոճրագործությունների հանդեպ, այլև նույն այս օրերին Ալե Սաուդի ռեժիմը սիոնիստների հետ սիրաբանությամբ է զբաղված:
Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում առաջին անգամ բացահայտ ու պաշտոնական կերպով ճանաչեց Սիոնիստական ռեժիմի գոյությունը և արտահայտվեց Պաղեստինում խաղաղ կյանք ունենալու զավթիչների իրավունքի մասին: Սա իրականության մեջ զավթիչների պատերազմական ոճրագործությունները պաշտպանելու իմաստով է, որը զավթիչների ոճրագործությունների հետ միաժամանակ ընդգծում է զավթված տարածքներում նրանց խաղաղ կյանք վարելու իրավունքը: Արաբ հետադեմ ղեկավարները ենթադրում են, թե այսպիսով կարող են աղավաղել բացահայտ ու շոշափելի իրականություններն, սակայն տարածաշրջանի զարգացումների ընթացքն ու ժողովուրդների տեղեկացվածությունը նման հնարավորություն չեն տալու Իսրայելի պաշտպաններին: Պատահական չէ, որ այս օրերին պաղեստինցիները Նետանյահուի պատկերների հետ միասին նաև այրում են Սալմանի ու նրա որդու պատկերները:
Ալիք
Երուսաղեմում ոստիկանների եւ հայ ուխտավորների միջեւ միջադեպի վերաբերյալ Հայ Պատրիարքը բողոք է հայտնել Իսրայելի ԱԳՆ
Երուսաղեմում ապրիլի 7-ին ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգեւորականների միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ապրիլի 7-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը` հյուր հոգեւորականների, բազմաթիվ ուխտավորների եւ սաղիմահայերի հետ միասին Սուրբ Հարության Տաճարում նշեց Տիրոջ Հարությունը խորհրդանշող Լուսավորայի արարողությունը:
Երուսաղեմում, Լուսավորայի արարողությունը կատարվեց ըստ Status Quo-ով սահմանված կարգի, առանց որեւէ խախտման:
Ցավոք, պետք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցավ միջադեպ` ոստիկանության եւ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւորականների միջեւ: Անհամաձայնությունը հարթվեց անմիջապես, սակայն ձերբակալվեց մեր հայրենակիցներից մէկը, ով մեկ ժամ հետո ազատ արձակվեց:
Դեպքի վերաբերյալ Երուսաղեմի Հայ Պատրիարքը իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի Արտաքին գործոց նախարարության ներկայացուցիչներին»:
Panorama.am
Եթե Նախիջևանից հարձակում լինի, Հայաստանը կօգտագործի իր ողջ զինանոցը. Կիրո Մանոյան
Ադրբեջանը Նախիջևանը ռազմականացնում է Թուրքիայի հետ համատեղ։ Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրա խոսքով՝ եթե ԼՂ-ի դեպքում Ադրբեջանը ցույց է տալիս, իբր թե Թուրքիայի մատը խառը չէ, ապա Նախիջևանի մասով ուղղակի համատեղ են աշխատում:
«Նախիջևանի ուղղությամբ պետք է ուշադիր լինել։ Ասում ենք՝ մենք ունենք այնպիսի զինամթերք կամ զինտեխնիկա, որ կարող է մինչև Բաքու հասնել, բայց Ադրբեջանը չունի։ Այո, Բաքուն չունի, բայց կարող է Նախիջևանից խփել: Թուրքիան և Ադրբեջանը ռազմականացնում են Նախիջևանը, վտանգը կարող է այնտեղից գալ կամ ոչ, այս դեպքում լրիվ այլ իրավիճակ կլինի»,- ասաց նա։
Մանոյանի խոսքով՝ եթե հարձակումն ԼՂ-ի վրա լինի, հարց է՝ Ռուսաստանը կարձագանքի՞, թե՞ ոչ, իսկ եթե Նախիջևանից լինի, ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը կմասնակցի, այլև Հայաստանն իր տարածքում գտնվող ամբողջ զինամթերքը, անկախ նրանից՝ ում վրա է դա գրանցված, կօգտագործի։