Սիրիայի նախագահը քվեարկել է խորհրդարանական ընտրություններում
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադն ու կինը` Ասմա Ասադը, Դամասկոսի կենտրոնում գտնվող ընտրատեղամասում քվեարկել են երկրի խորհրդարանի ընտրություններում, հայտնում է Սիրիայի Պետական հեռուստատեսությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նոր Ժողովրդական խորհրդում (խորհրդարանում) 250 տեղին մոտավորապես 3500 թեկնածու է հավակնում տարբեր քաղաքական կուսակցություններից եւ հասարակական կազմակերպություններից: Ընտրությունների վերաբերյալ Սիրիայի գերագույն դատական կոմիտեն որոշում է կայացրել, որ Իդլիբի, Ռաքքայի, Հալեպի, Դեր Զորի, Դարաայի նահանգների քաղաքացիները, որոնք ստիպված էին իրենց տները լքել ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետեւանքով, կարող են իրենց կամքն արտահայտել այլ շրջաններում հատուկ իրենց համար բացված ընտրատեղամասերում` Դամասկոսում, Համայում, Լաթաքիայում, Տարտուսում, Սուվեյդայում, Հասակեում: Իդլիբի, Ռաքքայի, Հալեպի, Դեր Զորի, Դարաայի նահանգների այն մասում, որոնք վերահսկում են կառավարական ուժերը, քվեարկություն է ընթանում։ Ընդհանուր առմամբ իր դռներն է բացել 7300 ընտրատեղամաս: Քվեարկությունը կշարունակվի մինչեւ տեղի ժամանակով 19.00-ն (Երեւանի ժամանակով մինչեւ 21.00-ը): Օրենսդրության համաձայն՝ անհրաժեշտության դեպքում ընտրատեղամասերի աշխատանքը կարող է երկարաձգվել մինչեւ կեսգիշեր: