Դամասկոս. Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը դարձել է ահաբեկիչների հովանավորների շորթման վայրը
Դատապարտելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հակասիրիական որոշումը, որի նախագիծը ներկայացվել էր Ֆրանսիայի կողմից, Սիրիայի ԱԳ նախարարությունն այն համարել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելուն ուղղված քայլ: Այդ մասին հաղորդել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
Խստորեն դատապարտելով ՔԶԱԿ-ի անդամ երկրների 25-րդ նստաշրջանում արևմտյան երկրների կողմից Սիրիայի դեմ ընդունված որոշումը, Սիրիայի ԱԳ նախարարությունն ընդգծել է, որ դա վտանգավոր քայլ է այդ կազմակերպության աշխատանքային գործընթացում և դեմ է դրա կանոնագրին:
ՔԶԱԿ-ն երեկ կայացած նիստում առկախել է Սիրիայի որոշ իրավունքներ և արտոնություններ, ներառյալ քիմիական զենքի կոնվենցիայով քվեարկելու իրավունքը: ՔԶԱԿ-ը Սիրիայի կառավարությանը մեղադրել է 2017 թ. մարտին Լաթմենայում և 2018 թ. փետրվարին Սարաղիբում քիմիական հարձակումներ իրականացնելու մեջ, և իր կայացրած որոշումը հիմնավորել է այդ մեղադրանքով:
Սիրիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն իր կեղծ զեկույցներով դարձել է Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի թշնամական ծրագրերի իրականացման գործիքը, քանի որ Սիրիան չունի քիմիական զենք և երբեք չի ձգտել նման զենքեր օգտագործել: