Իրաք. Թուրքիայի պնդումը, թե համակարգել է գործողություններն Իրաքում, չի համապատասխանում իրականությանը
Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Անկարայի պնդումը, թե Թուրքիան իր ռազմական գործողությունները համակարգել է Բաղդադի հետ, չի համապատասխանում իրականությանը:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ահմեդ ալ-Սահաֆն ասել է.«Արտգործնախարարությունը Իրաքի տարածքում ռազմական գործողությունը համարում է իր ինքնիշխանության ակնհայտ խախտում և տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիք»:
Իրաքի արտգործնախարարության խոսնակը հերքել է Անկարայի այն պնդումը, թե թուրքական ռազմական ուժերը Բաղդադի հետ համակարգել են գործողությունները Հյուսիսային Իրաքում:
Ալ-Սահաֆն ասել է.«Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին և նրան հանձնել խիստ բողոքի նոտա, որում թուրքական ռազմական գործողությունը որակվել է որպես միակողմանի, թշնամական և սադրիչ գործողություն»:
Իրաքի արտգործնախարարության խոսնակը հստակեցրել է.«ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքին համապատասխան Իրաքն իրավունք ունի ուժի բոլոր աղբյուրները օգտագրծել՝ արձագանքելու Թուրքիայի այս գործողություններին երկկողմ և բազմակողմ մակարդակներում»: