Ղոդսի միջազգային օրվան նվիրված երթ Լոնդոնում
Ղոդսի միջազգային օրվա նախօրեին, Լոնդոնում կայացել է երթ, որին մասնակցել են հազարավոր մուսուլմաններ, քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպան ու հակապատերազմ խմբերի անդամներ, ինչպես նաև հակասիոնիստ հրեաներ։ Երթի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի ժողովրդին։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ երթի մասնակիցները կրել են Պաղեստինի դրոշներն ու անգլերեն և արաբերեն գրություններով պաստառներ։ Նրանք դատապարտել են Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և կոչ արել անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում:
Հակաիսրայելական կարգախոսներ վանկարկելուց հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի BBC-ի շենք և վանկարկել «Ազատություն Պաղեստինին», «Իսրայելը ահաբեկչական և ռասիստական ռեժիմ է», «Վերջ տվեք Գազայի պաշարմանը» և «Բոյկոտել Իսրայելին» կարգախոսները։
Երթը կազմակերպվել է Բրիտանիայի իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովի և այնպիսի կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են «Ահլ ալ- Բեյթ» իսլամական շարժումը, Պաղեստինին հրեական աջակցության ցանցը, Պաղեստինի աջակցության շոտլանդական շարժումը և «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժման բրիտանական մասնաճյուղը:
«Նատուրի Քարտա» հակասիոնիստական հրեական շարժման անդամ հրեա ռաբբիները, «Հուդայականությունը սիոնիզմի հետ կապ չունի» և «Իսրայելը պետք է ոչնչացվի» կարգախոսներ վանկարկելուց հետո, այրել են ռեժիմի դրոշը։
Երթի մասնակիցները քննադատել են բրիտանական կառավարության քաղաքականությունը և պահանջել դադարեցնել Թել Ավիվին ռազմական ու դիվանագիտական աջակցությունը։
Նրանք հայտարարել են, որ Բրիտանիան, որպես իսրայելական ռեժիմի գլխավոր աջակիցներից մեկը, պետք է հավատարիմ մնա մարդու իրավունքների նկատմամբ իր պատասխանատվությանը և չաջակցի սիոնիստների հանցագործություններին։
Երթի բանախոսները դատապարտել են լրատվամիջոցների գրաքննության քաղաքականությունը և նշել, որ BBC-ի շենքի ընտրությունը որպես երթի վերջնական նպատակակետ բողոքի նշան է արևմտյան լրատվամիջոցների կողմից Գազայի պատերազմի կողմնակալ լուսաբանման դեմ:
Երեկ նմանատիպ ցույց է տեղի ունեցել նաև Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ։ Ցուցարարները, դատապարտելով Իսրայելի հանցագործությունները, կոչ են արել վտարել ռեժիմի դեսպանին Լոնդոնից, փակել դեսպանատունը և անհապաղ հրադադար հաստատել Գազայում։
Ավելի քան 4 տասնամյակ, Լոնդոնում Ղոդսի միջազգային օրվա երթերն ընթանում են խաղաղ և ոստիկանության հսկողությամբ։ Երթերին մշտապես մասնակցում են բրիտանական հասարակության տարբեր շերտերի ներկայացւցիչներ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ և հակասիոնիստ հրեաներ։
Մարդու իրավունքների իսլամական հանձնաժողովը հայտարարել է, որ երթի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղոդումները հոգեբանական քայլ են՝ օրինական բողոքի ցույցերը և պաղեստինյան ճնշված ժողովրդի հետ համերաշխությունը ապալեգիտիմացնելու համար: Հանձնաժողովը նշել է, որ Ղոդսի օրվա միջազգային երթը ոչ միայն բռնությամբ չի ուղեկցվում, այլ խաղաղ բողոքի օրինակ է՝ ի պաշտպանություն արդարության և մարդու իրավունքների։