ԱՄԷ-ն Իսրայել գործընկերն է․ Առևտուր Գազայի ժողովրդի արյան վրա
(last modified Thu, 17 Apr 2025 06:43:14 GMT )
Ապրիլ 17, 2025 10:13 Asia/Tehran
  • ԱՄԷ-ն Իսրայել գործընկերն է․ Առևտուր Գազայի ժողովրդի արյան վրա

Աբու Դաբիում Իսրայելի դեսպանը հայտարարել է Էմիրությունների հետ տնտեսական և ռազմավարական համաձայնագրի ստորագրման մասին։

Մինչ Գազայի ժողովուրդը ենթարկվում է  Իսրայելի անողոք ռմբակոծություններին,  Էմիրությունները, որպես ռեժիմի ամենամեծ արաբ գործընկերներից մեկը, փակ դռների հետևում նոր տնտեսական համաձայնագիր է ստորագրել սիոնիստների հետ, որն ամրապնդում է առևտրային հարաբերությունները կողմերի միջև։

Հղում անելով «Ֆարս» գործակալությանը,  Pars Today-ը հայտնում է, որ ԱՄԷ-ում Իսրայելի դեսպան Յոսի Շիլին X-ում վերջերս արած գրառմամբ հայտարարել է Թել Ավիվի և Աբու Դաբիի միջև ևս մեկ ռազմավարական տնտեսական համաձայնագրի հաստատման մասին։ Նա նշել է, որ մաքսային հարցերում համագործակցության և փոխօգնության վերաբերյալ համաձայնագիրը կամրապնդի կողմերի միջև տնտեսական հարաբերությունները և կնպաստի երկկողմանի աճին ու  համագործակցությանը:

Pars Today-ի այս հոդվածում անդրադարձ է կատարվել Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի առևտրի տարբեր ասպեկտներին:

Աբու Դաբի-Թել Ավիվ համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր

2023 թվականին ԱՄԷ-ն և Իսրայելը ստորագրեցին «Համապարփակ տնտեսական գործընկերության» մասին համաձայնագիրը, որը ներկայումս գործում է։ Այն էմիրաթական ընկերություններին թույլ է տալիս մուտք գործել իսրայելական շուկա և ընդգրկում է մաքսային սակագների ավելի քան 96 տոկոսը և երկու կողմերի միջև առևտրի արժեքի 99 տոկոսը:

Կողմերն այս համաձայնագրով պարտավորվել են ապահովել բաց և ոչ խտրական առևտրային միջավայր: Համաձայնագիրը նաև ապահովում է էմիրաթական ծառայություններ մատուցողների մուտքը Իսրայելի ներքին ծառայությունների շուկա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բիզնես ծառայությունները, հաղորդակցությունը, բաշխումը, շրջակա միջավայրը, ֆինանսները, զբոսաշրջությունը և ճանապարհորդության ծառայությունները: Ըստ ԱՄԷ-ի առևտրի նախարարության՝ համաձայնագիրը ներառում է նաև թվային առևտրի ոլորտը։

Գազայում պատերազմի ամենաթեժ շրջանում ռեժիմի հետ ԱՄԷ-ի առևտրի ծավալն աճել է աննախադեպ կերպով

 Իսրայելի վիճակագրական կենտրոնի տվյալները վկայում են Գազայի պատերազմի ժամանակ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև առևտրի աննախադեպ չափերի մասին: Դրանք ընդգրկում են 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թ. ընկած ժամանակահատվածը։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ԱՄԷ-ից Իսրայել է արտահանվել 1377 տեսակի ներքին ծագման արտադրանք՝ ընդգրկելով ապրանքների 81 հիմնական կատեգորիաներ:

Արտահանվել է մասնավորապես՝ ոսկերչական արտադրանք, արվեստի առարկաներ, արդյունաբերական սարքավորումներ և մետաղական հումք: Ցուցակի առաջին տեղում մարգարիտների, թանկարժեք քարերի, ոսկյա իրերի արտահանումն է՝ 584,9 մլն դոլար արժողությամբ։ Արտահանվող ապրանքների ցանկում են նաև քիմիական պարարտանյութեր, սննդամթերք (ներառյալ միրգ և բանջարեղեն), խմիչք, ցեմենտ, աղ, ծծումբ, դեղորայք, խաղալիքներ, հագուստ։

Դեպի Իսրայել ԱՄԷ-ի արտահանման ծավալն աճել է

2023 թվականի հոկտեմբերին ԱՄԷ-ից Իսրայել է արտահանվել 32,6 միլիոն դոլարի ապրանք։ Մինչդեռ 2024 թվականի հոկտեմբերին այդ ցուցանիշը հասել է 148,4 միլիոն դոլարի։ Դա շուրջ 4,5 անգամ շատ է։ Նույն ժամանակահատվածում ԱՄԷ-ն Իսրայելից  ներմուծել է 737 մլն դոլար արժողությամբ 763 տեսակի ապրանք։ Ներմուծված ապրանքների հիմնական մասը կազմել են  ոսկերչական իրերը, օպտիկական և բժշկական գործիքները (159,6 միլիոն դոլար), էլեկտրոնային սարքավորումները (80,2 միլիոն դոլար), սննդամթերքը և խմիչքը (26,2 միլիոն դոլար):

Էմիրություններն արաբական աշխարհում ռեժիմի առաջին գործընկերն է

Ըստ Իսրայելի վիճակագրության կենտրոնի տվյալների՝ Գազայի պատերազմի ընթացքում ԱՄԷ-ի և Իսրայելի միջև երկկողմ առևտրի ծավալը հասել է 4,3 միլիարդ դոլարի։ ԱՄԷ-ից Իսրայել արտահանվել է 3,5 միլիարդ դոլարի, հակառակ ուղղությամբ՝ 778,5 միլիոն դոլարի ապրանք։ Այդպիսով ԱՄԷ-ն դարձել է պատերազմի ժամանակ արաբական աշխարհում Իսրայելի  ամենամեծ առևտրային գործընկերը։ Այս ժամանակահատվածում ԱՄԷ-ի հետ Իսրայելի առևտուրը կազմել է արաբական երկրների հետ ռեժիմի ընդհանուր առևտրի մոտ երկու երրորդը: