Բաղայի. Տեղահանվածների ժամանակավոր կացարանների վրա հարձակումը պատերազմական հանցագործություն է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Գազայում ու Լիբանանում Սիոնիստական ռեժիմի շարունակական ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Գազայի հատվածի շրջափակման շարունակումը և մարդասիրական օգնության մուտքն արգելելը, փախստականների ճամբարների և ժամանակավոր կացարանների վրա հարձակումներին զուգահեռ, ռազմական հանցագործության և մարդկության դեմ հանցագործության օրինակներ են։ Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել՝ ռեժիմի առաջնորդներին ցեղասպանության և ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու ուղղությամբ։
Բաղային քննադատել է այս հանցագործությունների կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ անգործությունը, ինչպես նաև ԱՄՆ-ին ու մի շարք եվրոպական երկրների, որոնք շարունակում են ռազմական օգնություն տրամադրել սիոնիստական ռեժիմին, նշելով, որ վերջիններս դառնում են ռեժիմի հանցակիցը։
ԱԳՆ խոսնակը նաև խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի շարունակական ագրեսիան Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ՝ հրադադարի համաձայնագրի բազմակի խախտումների, Լիբանանի տարբեր շրջանների վրա օդային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների, ինչպես նաև երկրում քաղաքական և հասարակական ակտիվիստների սպանությունների միջոցով, և նշել, որ ՄԱԿ-ն ու հրադադարի համաձայնագրի երաշխավորները պատասխանատվություն են կրում ագրեսիան ու հանցագործությունները դադարեցնելու համար։
Նա նշել է․ «Սիոնիստական ռեժիմի շարունակական անպատժելիությունը և անպաշտպան մարդկանց շարունակական սպանությունները Գազայի հատվածում և Արևմտյան ափին, ինչպես նաև Լիբանանի և Սիրիայի որոշ հատվածների օկուպացիան, լրջորեն սպառնում են Արևմտյան Ասիայի տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը, և տարածաշրջանի երկրները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ անապահովության տարածումը կանխելու և ապարտհեյդի ռեժիմի էքսպանսիոնիզմին դիմակայելու համար»։