Թուրքիան պարտվեց և՛ Իսրայելին, և՛ Ռուսաստանին. թուրքագետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i24121-Թուրքիան_պարտվեց_և_Իսրայելին_և_Ռուսաստանին._թուրքագետ
Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատմության մեջ կմնա որպես տարվա ամենագլխավոր իրադարձություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` անդրադառնալով Էրդողանի նամակին, որում նա ներողություն էր խնդրել ռուսական ինքնաթիռը կործանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2016 10:16 Asia/Tehran
  • Թուրքիան պարտվեց և՛ Իսրայելին, և՛ Ռուսաստանին. թուրքագետ

Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատմության մեջ կմնա որպես տարվա ամենագլխավոր իրադարձություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` անդրադառնալով Էրդողանի նամակին, որում նա ներողություն էր խնդրել ռուսական ինքնաթիռը կործանելու համար:

Ըստ նրա` Էրդողանը փաստաթղթորեն արձանագրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության պարտությունը: Օրեր առաջ նա կրկնեց, որ ներողություն խնդրելը բացառված է: Սակայն, ի վերջո, նա գնաց այդ քայլին: Թե Իսրայելի, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը փոխկապակցված են: Ռուսաստանը գնաց այդ քայլին որպես հակազդեցություն Իսրայելին` իր մրցակցին էներգետիկ ոլորտում: Թուրքիան փորձում է իր կախվածությունը թուլացնել Ռուսաստանից և երկար ժամանակ Իսրայելի հետ բանակցություններ էր վարում գազը Իսրայելից դեպի Եվրոպա տեղափոխելու համար: Իսրայելն էլ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով փորձում է Ռուսաստանին հեռու պահել Թուրքիայի վրա ազդեցությունից: Ըստ թուրքագետի` իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման հետևում կարելի է տեսնել ԱՄՆ-ին, որը ոչ ուղղակի, բայց փորձում է Թուրքիային պահել վերահսկողության ներքո: Թուրքիան հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ արդեն կախված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Իսրայելից: «Թուրքիան պարտվեց և՛ Իսրայելին, և՛ Ռուսաստանին»,- ասաց Իսպիրյանը: Սակայն Թայիփ Էրդողանը ստիպված է առերեսվել ներքին դժգոհություններին. այժմ թուրքական հասարակությունը պատասխան է պահանջում իր անունից ներողություն խնդրելու համար. «Այս առումով էրդողանը բավական ծանր վիճակում է հայտնվել: Սակայն նա հարկադրված էր այդ քայլին գնալու ներքաղաքական վիճակը փրկելու, պաշտոնին մնալու և Թուրքիան մեկուսացումից դուրս բերելու համար»: Պատասխանելով Անկախի այն հարցին, թե արդյոք երեկ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը կապ ունի քաղաքական փոփոխությունների հետ, թուրքագետն ասաց. «Թեկուզ Էրդողանը բավականին լայն կապեր ունի և վերահսկում է ինչ-որ չափով Սիրիայում գործող ահաբեկիչներին, սակայն դրանք ուղղորդվում են նաև այլ կենտրոններից: Անգամ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լավանան, զբոսաշրջիկների հոսքը չի շատանա: Ստամբուլի ամենամեծ օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը գրանցվեց անմիջապես նամակի մասին հայտնի դառնալուց հետո: Դժվար է հավատալ պատահականությանը այս հարցում»:

Ankakh.com

30/6/2016