Քնեսեթը Ցեղասպանության ճանաչման նախագիծը կրկին ուղարկել է լրամշակման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i24913-Քնեսեթը_Ցեղասպանության_ճանաչման_նախագիծը_կրկին_ուղարկել_է_լրամշակման
Իսրայելի Քնեսեթը հուլիսի 5-ին արդեն երրորդ անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ուղարկել է Կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2016 08:04 Asia/Tehran
  • Քնեսեթը Ցեղասպանության ճանաչման նախագիծը կրկին ուղարկել է լրամշակման

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 5-ին արդեն երրորդ անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ուղարկել է Կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողով:

Հակառակ ակնկալվածի՝ Քնեսեթի լիագումար նիստ տեղի չունեցավ․ հարցը պարզապես քննարկվեց, ինչպես քննարկվել է տարիներ շարունակ: «Մերեց» կուսակցության ղեկավար Զեհավա Գալ-Օնի հեղինակած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը զետեղվեց օրակարգում և 120 պատգամավորից ընդամենը 24-ը մասնակցեցին քննարկմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախ Զեհավա Գալ-Օնը ներկայացրել է խնդիրը, սակավաթիվ ելույթ ունեցողներից էր Թալի Բլոսկովը, ով Իսրայել - Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարն է:

Բոլոր ելույթներում ընդգծվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, նշվում էր, թե այն պետք է ճանաչվեր դեռ 70 տարի առաջ:

Վերջում կառավարության կողմից ելույթ ունեցով Անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախարար Ցախի Հանեգբին («Լիկհուդ» կուսակցություն): Նա խոսեց հայ ժողովրդի հետ ունեցած ջերմ հարաբերությունների, վերջին ժամանակներում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների մասին՝ ելույթի վերջում կոչ անելով քննարկումը տեղափոխել Քնեսեթի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողով, որը կդիմի պատմաբաններին, մասնագետներին, կօգտագործի հայկական ու թուրքական արխիվային փաստաթղթերը և կներկայացնի ընդհանուր եզրակացություն:

Քնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնն ընդունել է կառավարության ներկայացուցչի առաջարկը և դրել քվեարկության․ ներկա բոլոր 24 պատգամավորը կողմ քվեարկեց:

http://armedia.am/

6/7/2016