«Ջերուսալեմ Փոստ». Իսրայելը քննարկել էր «Ֆլայդուբայ» ավիաընկերության ինքնաթիռը խոցելու հնարավորությունը
«Ջերուսալեմ Փոստ» թերթը, հղում անելով իսրայելական երկու իրազեկ աղբյուրների, պնդել է, որ այս երկրի պաշտոնյաները «Ֆլայդուբայ» ավիաընկերության 1073 չվերթի միջադեպի ընթացքում քննարկել էին ինքնաթիռը խոցելու հնարավորությունը՝ առեւանգման փաստի հաստատման դեպքում։
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ-ն, «Ջերուսալեմ Փոստ»-ը նշել է, որ ավելի քան 150 իսրայելցի ուղեւոր ունեցող ինքնաթիռը Դուբայից Թել Ավիվ թռչելիս բախվել է օդաչուների խցիկում տեղի ունեցած միջադեպի։ Ըստ թերթի պնդման՝ երկրորդ օդաչուն հարձակվել է օդաչուի վրա։
Թերթը պնդել է, որ այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերի կապը օդաչուի հետ մնացել է անպատասխան, գործարկվել է հնարավոր սպառնալիք ներկայացնող քաղաքացիական ինքնաթիռին հակազդելու ընթացակարգը, եւ իսրայելական կործանիչները օդ են բարձրացել։
Հաղորդագրության համաձայն՝ եթե ինքնաթիռը շարունակեր թռիչքը դեպի օկուպացված տարածքներ, կործանիչները կմոտենային նրան՝ ինքնաթիռը նույնականացնելու եւ օդաչուի հետ կապ հաստատելու նպատակով։
«Ջերուսալեմ Փոստ»-ը հավելել է, որ ինքնաթիռի առեւանգման փաստի հաստատման եւ օդաչուի կողմից դրա նկատմամբ արդյունավետ վերահսկողության բացակայության դեպքում ռազմական գործողության, այդ թվում՝ ինքնաթիռը խոցելու վերաբերյալ վերջնական որոշումը կփոխանցվեր Իսրայելի վարչապետին եւ Պատերազմի նախարարությանը։
Միաժամանակ թերթը հաղորդել է, որ այն բանից հետո, երբ ինքնաթիռը փոխել է ուղղությունը դեպի Սաուդյան Արաբիա, եւ դրա հեռավորությունը օկուպացված տարածքներից մեծացել է, իսրայելական կործանիչները հետ են կանչվել։