Մողթադա Սադրի բացահայտ նախազգուշացումը Ամերիկային. Իրաքցիները կկանգնեն ցանկացած օկուպանտի դեմ
-
Իրաքի Սադրական շարժման առաջնորդ Մողթադա Սադր
Pars Today - Իրաքի Սադրական շարժման առաջնորդ Մողթադա Սադրը, ընդգծելով այս երկրի անկախությունը, զգուշացրել է Ամերիկային ապակառուցողական և միջամտողական ակտիվությունների շարունակության մասին՝ ասելով. «Իրաքցիները կկանգնեն ցանկացած օկուպանտի դեմ»։
Հղում անելով IRIB-ին՝ Pars Today-ը հաղորդել է, որ Իրաքից ամերիկացի օկուպանտների վտարումից հետո երկրի քաղաքական խմբերն ու ուժերը միջոցներ են ձեռնարկել իր որոշումներում Իրաքի կառավարության անկախությանը աջակցելու և ամերիկյան գերիշխանությանը վերջ տալու համար։ Դրա վերջին օրինակներից մեկը Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքը փոքրացնելու և դրա անձնակազմի թիվը միջազգային դիվանագիտական չափորոշիչներին և ընդունված կարգին համապատասխան կրճատելու փորձն էր։ Իրաքի Սադրական շարժման առաջնորդ Սեյեդ Մողթադա Սադրը չորեքշաբթի երեկոյան իր ելույթում զգուշացրել է ամերիկացիներին Իրաքի ներքին գործերին միջամտության շարունակության մասին։
Մողթադա Սադրը հայտարարեց, որ «իրաքցիները դիմադրել են ամերիկացիներին և կդիմադրեն յուրաքանչյուրին, ով կօկուպացնի մեր երկիրը: Մենք ոչ մեկի հետ թշնամանք չունենք, բայց երկրի անկախությունն ամեն ինչից ավելի կարևոր է»։
Դիմելով ամերիկացիներին՝ նա ասաց. «Եթե ուզում եք էջը շրջել, եկեք դա անենք արդարությամբ և ազնվությամբ, առանց ամբարտավանության կամ արհամարհանքի»։
Այս իրաքցի քաղաքական գործիչը շեշտեց. «Իրաքցիները ցանկանում են լինել ազատ և անկախ ազգ, զերծ ցանկացած արտաքին միջամտությունից, լինի դա Արևելքից, թե Արևմուտքից»։
Սեյեդ Մողթադա Սադրը հավելեց, որ Վաշինգտոնը պետք է բարելավի իր հեղինակությունը հալածվածների աչքերում՝ բոլոր կողմերի նկատմամբ չափավոր դիրքորոշում ընդունելով, առանց նախապատվություն տալու իր սիրելի դաշնակցին՝ սիոնիստական ռեժիմին։
Նա եզրափակեց՝ ասելով. «Մեծ տերությունը պետք է լինի խաղաղության կողմնակից, այլ ոչ թե հակամարտության և պատերազմի խթանող»։