Դոնոր երկրներն Իրաքին ավելի քան 2.1 մլրդ դոլար են նվիրաբերել
Դոնոր երկրներն Իրաքին ավելի քան 2.1 մլրդ դոլար են նվիրաբերել՝ իսլամականների դեմ պայքարի համար: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նրա խոսքով՝ համաժողովի ընթացքում ավելի քան 2.1 մլրդ դոլարի օգնություն է հավաքվել, օգնության տրամադրման եւս մի քանի հայտ ձեւակերպվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաժողովի կազմակերպիչները ծրագրում էին մինչեւ 2 մլրդ դոլար հավաքել: Դոնոր երկրների համաժողովը ԱՄՆ-ն հրավիրել է Վաշինգտոնում՝ Կանադայի, Գերմանիայի, Ճապոնիայի եւ Քուվեյթի հետ համագործակցությամբ: Դրան 24 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:
Բացի այդ, Իրաքը ռազմական օգնություն կստանա: ԱՄՆ-ի իշխանությունները ծրագրում են այդ երկիր լրացուցիչ 560 զինծառայողի ուղարկել՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում օժանդակելու համար:
Այսպիսով, Իրաքում ամերիկյան զորքերի թիվը կհասնի 4647-ի: Իրաքյան բանակը ծրագրում է մինչեւ տարեվերջ ԻՊ-ից հետ նվաճել Մոսուլ քաղաքը: