Սիրիայի բանակը գտնվում է Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա
Սիրիայի բանակը ազատագրելով Հալեպի հյուսիսում գտնվող Մայեր և Ռաթիան քաղաքավանները սկսել է առաջանալ դեպի Թալ Ռաըֆաթ քաղաքը:
Համաձայն «Ալ Մայադին» հեռուստակայանի հաղորդման, Սիրիայի բանակը առաջանում է դեպի Թուրքիայի սահմանին գտնվող Թալ Ռաըֆաթ քաղաքը և ներկայումս Թուրքիայի սահմանին գտնվող Բաբ-ալ-սալամա անցուղուց ընդամենը 16կմ հեռավորության վրա է հաստատված:
Մայերը Հալեպի հյուսիսային հատվածում Ալնոսրայի ահաբեկիչների համախմբման գլխավոր կենտրոններից էր համարվում: Այս քաղաքավանի ու նաև Ռաթիանի ազատագրման ընթացքում սպանվեցին ու վիրավորվեցին ավելի քան 120 ահաբեկիչներ:
Սիրիայի բանակը Ալզահրա շիաբնակ քաղաքավանի հարավում մաքրագործել է Ալթամուրա գյուղը:
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմն անցած օրն ասել է, որ Ժնևում խաղաղության բանակցություններից Սաուդյան Արաբիայի պաշտպանած սիրիական ընդդիմության հրաժարվելու պատճառը Սիրիայի բանակի առաջընթացն է եղել:
Նա ավելացրել է, որ Սիրիայի տարածքի դեմ ոտնձգողները տուն կվերադառնան փայտե դագաղներում:
«Բանակցության մասնակից մյուս կողմերն էլ Սիրիայի ճգնաժամի համար սիրիական լուծման չէին ձգտում»,-ընդգծել է Մոալեմը:
Նախօրեին Ժնևում սկսվեց Սիրիայի խաղաղության բանակցությունների երրորդ շրջանը, սակայն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դիմիստուրան հայտարարեց, թե Ժնևյան բանակցություններն առկախվում են մինչև փետրվարի 25-ը: