Հալեպի օդանավակայանում ֆրանսիացի պատգամավորներից 200 մետր հեռավորությամբ արկ է պայթել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50137-Հալեպի_օդանավակայանում_ֆրանսիացի_պատգամավորներից_200_մետր_հեռավորությամբ_արկ_է_պայթել
Հալեպի օդանավակայանում ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունից 200 մետր հեռավորությամբ արկ է պայթել: Այս մասին «Twitter»-ում գրել է պատվիրակներից մեկը՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան Լասալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2017 10:18 Asia/Tehran
  • Հալեպի օդանավակայանում ֆրանսիացի պատգամավորներից 200 մետր հեռավորությամբ արկ է պայթել

Հալեպի օդանավակայանում ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունից 200 մետր հեռավորությամբ արկ է պայթել: Այս մասին «Twitter»-ում գրել է պատվիրակներից մեկը՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան Լասալը:

RTL-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ին: Հիշեցնենք, որ մինչ այդ՝ հունվարի 6-ին, պատգամավորները եղել են Հալեպի Հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում, մասնակցել սուրբծննդյան պատարագին, նաեւ հանդիպել Հալեպի քաղաքապետի հետ:

Եվս երկու արկ պայթել է օդանավակայանից ոչ հեռու: Սիրիական բանակը պատասխան հարվածներ է հասցրել: Հալեպի օդանավակայանը պաշտոնապես փակ է, եւ ֆրանսիական պատվիրակության ժամանումը պետք է գաղտնի մնար: Ֆրանսիական եւ սիրիական իշխանությունները փորձում են պարզել, միջադեպը պատահականությո՞ւն էր, թե՞ ուղղված էր ֆրանսիացի պատգամավորների դեմ:

Մյուս երկու պատգամավորները՝ Նիկոլա Դյուիկն ու Թիերի Մարիանին «Twitter»-ում օդանավակայանի, ավերված տների եւ հայկական եկեղեցում սուրբծննդյան պատարագի լուսանկարներ են հրապարակել: «Մենք ժամանեցինք Հալեպի ազատագրումից հետո առաջին քաղաքացիական չվերթով: Հայկական օրացույցով Սուրբծննդյան պատարագին մենք ուղղափառների, կաթոլիկների եւ բողոքականների հետ միասին քարոզ լսեցինք երկրի միասնականության մասին»,- գրել է Դյուիկը:

Կիրակի պատգամավորները վերադարձել են Դամասկոս: Նրանք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման հույս ունեն:

Ամեն դեպքում, պատգամավորները շտապել են ընդգծել, որ այս այցն իրենց սեփական նախաձեռնությունն է, եւ ոչ թե Ասադին աջակցելու, այլ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին Մարիանին հայտնել է «Europa 1» ռադիոկայանի հարցազրույցում:

News.am