Ի՞նչ նպատակ են հետապնդում քրդերը սիրիական հակամարտությունում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5305-Ի_նչ_նպատակ_են_հետապնդում_քրդերը_սիրիական_հակամարտությունում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարեց Սիրիայում փետրվարի 27-ին հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Այսպիսով, Սիրիայի կառավարական զորքերը և զինված ընդդիմությունը ռազմական գործողությունների համար ունեն ընդամենը 4 օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2016 14:27 Asia/Tehran
  • Ի՞նչ նպատակ են հետապնդում քրդերը սիրիական հակամարտությունում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարեց Սիրիայում փետրվարի 27-ին հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Այսպիսով, Սիրիայի կառավարական զորքերը և զինված ընդդիմությունը ռազմական գործողությունների համար ունեն ընդամենը 4 օր:

5 տարի շարունակվող արյունալի պատերազմում հաղթելու համար հակամարտության կողմերից յուրաքանչյուրին հարկավոր է այս կարճ ժամանակահատվածում ամրապնդել սեփական դիրքերը Թուրքիայի սահմանակից հյուսիսային շրջաններում, որտեղով իրականացվում է զինյալների համալրումը:

Նշենք, որ թուրք-սիրիական 800 կիլոմետրանոց սահմանի զգալի հատվածը՝ երեք քառորդը, վերահսկում են տեղի քրդական ուժերը, որոնք հակամարտության երկու կողմերի և նրանց աջակցող միջազգային ուժերի հետ շահավետ համագործակցության արդյունքում կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի տարածքի 14 տոկոսի (26 հազար քառ. կմ ) նկատմամբ. քրդական ուժերն այդ տարածքները հիմնականում նվաճել են «Իսլամական պետությունից»:

Քրդական ուժերն օրերս հերթական նշանակալի հաջողությունն են գրանցել սահմանային Հասակի նահանգում՝ «Իսլամական պետությունից» հետ գրավելով Իրաքի հետ սահմանային Շադադի քաղաքը: Ժողովրդական պաշտպանության ջոկատների (YPG) խոսնակ Ռեդուր Խալիլը օրերս հայտարարել է, որ իրենք մտադիր են նաև գրավել Թուրքիայի սահմանային Ազազ քաղաքը և արտաքսել այնտեղի ահաբեկիչներին: Նշենք, որ այս հայտարարությանը նախորդել էր քրդերին ուղղված ԱՄՆ-ի զգուշացումը՝ ձեռնպահ մնալ ստեղծված հանգամանքների շահագործումից՝ Սիրիայի հյուսիսում նոր տարածքներ նվաճելու համար, փոխանցում է BBC-ն:

Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ այս պատերազմում Սիրիայի քրդերի նպատակը քրդական ինքնավարության ստեղծումն է, որը կկապի Հալեպ նահանգում քրդական Աֆրինը, Քոբանին Հասակի նահանգի, Ջազիրայի հետ:

Հարկ է նշել, որ սիրիական հակամարտության նկատմամբ քրդերի դիրքորոշումն որոշակի տրանսֆորմացիաների է ենթարկվել: Եթե հակամարտության սկզբնական փուլում քրդերը հիմնականում հանդես էին գալիս Դամասկոսի իշխանությունների դեմ, ապա այս փուլում սկսել են ավելի շատ համագործակցել Դամասկոսի և նրա դաշնակիցները հետ: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ քրդերը ցանկանում են իրենց համար վճռորոշ դեր ապահովել Սիրիայի ապագա քաղաքական կյանքում:

armedia.am

23/2/2016