Թուրքական ԶՈւ-ն ուժեր է կուտակում թուրք-իրաքյան սահմանին. լրատվամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i58660-Թուրքական_ԶՈւ_ն_ուժեր_է_կուտակում_թուրք_իրաքյան_սահմանին._լրատվամիջոցներ
Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո Թուրքիան այժմ էլ պատրաստվում է Իրաքի տարածքում սկսել «Տիգրիսի վահան» գործողությունը, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 13:14 Asia/Tehran
  • Թուրքական ԶՈւ-ն ուժեր է կուտակում թուրք-իրաքյան սահմանին. լրատվամիջոցներ

Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո Թուրքիան այժմ էլ պատրաստվում է Իրաքի տարածքում սկսել «Տիգրիսի վահան» գործողությունը, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:


Ավելի վաղ թուրքական մի շարք լրատվամիջոցներ պնդում էին, որ օրերս Թուրքիայում հրավիրված անվտանգության խորհրդի նիստում քննարկված զեկույցների մեջ նշված է եղել, որ այս պահին «Թուրքիայի համար առաջնային վտանգ են ներկայացնում Իրաքի հյուսիսային Սինջար, Սիրիայի Հասաքե ու Աֆրին քրդաբնակ շջրանները»: Ենթադրվում է, որ սիրիական Աֆրինից էլ կսկսվի թուրքական ԶՈւ-ի նոր ռազմական գործողությունը:


Հայտնի է նաև, որ Թուրքիայի ԶՈւ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ կենդանի ուժեր է կուտակում թուրք-իրաքյան սահմանին գտնվող Սիլոփի շրջանում: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հաստատել է Սիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտը:

Յըլդըրըմը չի բացառել, որ ապագայում Թուրքիան կարող է վերսկսել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները, եթե այնտեղ գտնվող տարբեր խմբավորումների գործողություններն ու զարգացող իրադարձությունները վտանգ ներկայացնեն Թուրքիայի անվտանգությանը:

Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում։

tert.am