Թուրքիան որոշել է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին
Թուրքիան թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ- ները: Թուրքական իշխանությունները որոշել են հայ- թուրքական սահմանի Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների շրջանում կառուցել պատ, որը կահավորված է լինելու նաև նորագույն սահմանային անվտանգության համակարգերով, ինչը շուրջօրյա հսկողություն է ապահովելու սահմանային հատվածում:
Սահմանային անվտանգության համակարգերով կահավորված է լինելու նաև թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատը:
Հայ-թուրքական, թուրք-իրանական սահմանային հատվածներում անվտանգության պատի կառուցման վերաբերյալ խոսակցությունները տարբեր առիթներով շրջանառության մեջ են դեռևս տարեսկզբից:
Թուրքական կողմի պնդմամբ սահմաններին պատերը կառուցվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
Փետրվարին «Արմենպրես»-ը հայտնել էր, թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից բետոնե պատի կառուցման մասին:
Armenpress.am