Թուրքիայի օրենքները խախտող սիրիացի ներգաղթյալներին կարտաքսենք. Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է երկրում ապաստանած 3 մլն սիրիացի ներգաղթյալներին քաղաքացիություն շնորհելու խնդիրը և հայտարարել, որ դրա համար սիրիացիների առաջ կդրվեն որոշակի պայմաններ: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«Այդ պայմաններից առաջինը շնորհքով լինելն է, մեր ժողովրդի, մեր պետության հետ առաջացած կապվածությունը: Թուրքիայի տարածքում նրանց անցկացրած ժամանակահատվածը նրանց համար քննություն է»,- ասել է Յըլդըրըմը՝ հավելելով, որ «չափն անցնողներին» ու օրենքը խախտողներին իշխանությունները կարտաքսեն երկրից, և «նրանք կստանան համապատասխան պատիժը»:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը, մեկնաբանելով վերջին շրջանում Թուրքիայում սիրիացի ներգաղթյալների դեմ ինտենսիվացած հարձակումները, կոչ է արել ժողովրդին հանդուրժողականություն դրսևորել:
Օրեր առաջ սոցցանցերից մեկում Անկարայում սիրիացի ներգաղթյալներից մեկի կողմից 5 տարեկան թուրք աղջկա բռնաբարության մասին լուրը պատճառ էր դարձել սիրիացի ներգաղթյալների դեմ նոր զանգվածային հարձակումների, որոնց հետևանքով մեկ մարդ էր վիրավորվել:
Օրերս էլ Ստամբուլի Ուսքյուդար շրջանում լուրջ բախումներ են սկսվել սիրիացի ներգաղթյալների և տեղի բնակիչների միջև: Սկսված ծեծկռտուքը վերաճել է մեծ կռվի, որին մասնակցել են նաև թաղամասի մյուս բնակիչները։ Բարկացած բնակիչները ոստիկաններին մեկ շաբաթ ժամանակ են տվել և պահանջել սիրիացիներին դուրս հանել թաղամասից, այլապես սպառնացել են մեծ աղմուկ բարձրացնել և ավերել նրանց տները։
Ավելի վաղ սիրիացի ներգաղթյալների տներն ու թաղամասերը հարձակումների են ենթարկվել Թուրքիայի Սաքարիա, Ուրֆա, Այնթապ և այլ քաղաքներում:
tert.am/