Մինչեւ 2100 թ․ Հարավային Ասիան կարող է կյանքի համար անպիտան դառնալ
Արդեն մի քանի տասնամյակ հետո Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի տարածքների խոշոր հատվածներ կարող են անպիտան դառնալ մարդկանց բնակության համար։
Այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների հետազոտությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գիտնականները կանխատեսում են, որ մինչեւ հարյուրամյակի վերջ օդի ջերմաստիճանի ու խոնավության ամառային ցուցանիշները հարավասիական տարածաշրջանում, որտեղ բնակվում է Երկրի բնակչության մոտ 20 տոկոսը, կարող է գերազանցել այն մակարդակը, որը պիտանի է մարդու կենսագործունեության համար։
Հետազոտության համար հիմք է վերցվել այսպես կոչված «խոնավ տերմոմետրի» չափանիշը, որը իրենից ներկայացնում է երկու գործոնների համադրություն՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանն ու համապատասխան խոնավությունը։ Երբ խոնավ տերմոմետրի ցուցանիշը գերազանցում է 35 աստիճանը, մարդը չի կարողանում կարգավորել իր մարմնի ջերմաստիճանը քրտնարտադրության միջոցով, ինչի հետեւանքով էլ նրան ջերմային հարված ու մահ է սպառնում։
Վատագույն սցենարի դեպքում մինչեւ 2100 թ․ Հնդկաստանի բնակչության մոտ 70 տոկոսը պարբերաբար բախվելու է 32 աստիճան կազմող «խոնավ տերմոմետրի» ցուցանիշին, իսկ 2 տոկոսը կարող է զոհվել ջերմային հարվածից։
Հիմա մեր մոլորակում «խոնավ տերմոմետրի» ջերմաստիճանը հազվադեպ է գերազանցում 31 աստիճանը։ Հետազոտողները կոչ են անում հնարավորինս շուտ սկսել Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի իրականացումը, ինչը նրանց խոսքով կարող է զգալիորեն նվազեցնել ջերմաստիճանի հետագա տաքացման վտանգը։
news.am