Ճգնաժամն անդրադարձավ նաեւ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների «աշխատավարձերի» վրա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը զգալիորեն կրճատել է Իրաքում եւ Սիրիայում կռվող իր զինյալներին վճարվող ամենամսյա «աշխատավարձերը», հաղորդում է գերմանական Der Spiegel ամսագիրը:
Դրամական հատկացումները կրճատվել են կրկնակի՝ մինչեւ 200 ԱՄՆ դոլար, նշում է հեղինակը:
Սիրիական իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Իսլամական պետության» «ներքին գաղտնի փաստաթուղթը»: Ջիհադիստների ղեկավար կազմը հղում է կատարում «ծայրահեղ, արտակարգ հանգամանքներին» եւ ընդգծում, որ որեւէ մեկի համար բացառություն չի արվի:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում և Իրաքում գրաված տարածքները կորցնելու հետևանքով կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առջև: Բացի այդ` խմբավորման ֆինանսական վիճակի վրա ազդել են ահաբեկիչների դիրքերի, ավտոշարասյունների եւ նավթապահեստարանների ուղղությամբ միջազգային դաշինքի ու Ռուսաստանի օդային հարվածները:
Ջիհադիստները մինչ այդ նավթի ապօրինի վաճառքից օրական 1-1,5 մլն դոլարի եկամուտ էին ստանում, սակայն վերջին շրջանում այդ թիվը կտրուկ նվազել է:
Ըստ վերլուծաբանների, ֆինանսական միջոցների պակասը իսլամիստները կփորձեն լրացնել Իրաքում և Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչների նկատմամբ սահմանված հարկերի բարձրացման միջոցով:
galatv.am
23/1/2016