Թուրքիայի հարավ-արևելքում ԻՊ-ականների 25 հոգանոց խումբ են հայտնաբերել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Էլյազըղ քաղաքում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից բաղկացած 25 հոգանոց խումբ:
Ինչպես հայտնում է demokrathaber.org կայքը, թուրքական ոստիկանությունն ավելի ուշ ազատ է արձակել ԻՊ-ականների մեծ մասին, 6-ը կալանավորվել են:
Հայտնի է, որ ԻՊ-ականները Թուրքիայի և Սիրիայի քաղաքացիներ են: Նրանց մոտ հայտնաբերվել են նաև էլեկտրոնային ֆայլեր ու այլ թղթապանակներ՝ կապված Թուրքիայի մի շարք քաղաքներում ԻՊ-ի քարոզչական աշխատանքի հետ:
Էլյազըղում ամիսներ շարունակ գաղտնի գործունեություն ծավալած ահաբեկչական խմբին իրավապահ մարմինները հետևել են օգոստոսի 11-ից, 10 օր շարունակ նրանց հետքերով գնացած ոստիկանությունը կարողացել է ձերբակալել ԻՊ-ականներին միայն երեկ:
tert.am