Թուրքիայի ԱԳ նախարար.«Իրաքի քրդերը սխալվում են` պնդելով հանրաքվեի անցկացման վրա»
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկ անգամ ևս դեմ է հանդես եկել Իրաքից Քուրդստանի շրջանի անկախության հանրաքվեին: Նա հայտարարել է.« Քրդերը սխալվում են` պնդելով հանրաքվեի անցկացման վրա»:
Այսօր Բաղդադում Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաաֆարիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել ,որ Բաղդադի և Էրբիլի միջև առկա խնդիրները կկարգավորվեն միասնական Իրաքի շրջանակում:
«Իրաքի հետ միավորված մնալը բխում է քրդերի շահերից», ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Ընդգծելով Իրաքի հյուսիսից Թուրքիայի զինծառայողների դուրս բերման անհրաժեշտությունը, Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաաֆարին ասել է.«Բաղդադը Քուրդստանի բանվորական կուսակցության վերաբերյալ Անկարայի հետ համադրումներ կատարելով, թույլ չի տա, որպեսզի Իրաքը դառնա քաշքշուկների ու բախումների առանցք»:
Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բեշիքայի ռազմաբազայում, ինչի պատճառով Բաղդադ-Անկարա հարաբերությունները մշտապես լարված են:
Իրաքի ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել, որ երկու երկրի տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն և Թուրքիան կմասնակցի Իրաքի վերակառուցման գործընթացին: