Թուրքիան նախատեսում է սեփական արտադրության ՀՕՊ համակարգեր ստեղծել
Թուրքական ռազմաարդյունաբերական ASELSAN, ROKETSAN ընկերությունները, TÜBİTAK SAGE ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը համաձայնագիր են կնքել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հետ, որի համաձայն Թուրքիայում պետք է սկսվի սեփական հեռահար հակաօդային համակարգերի արտադրությունը:
Ինչպես հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը, ըստ պայմանագրի՝ թուրքական արտադրության նոր ՀՕՊ համակարգերը նախատեսվում է շահագործման հանձնել 2021 թվականին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիան գործարք է կնքել Ռուսաստանի հետ՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված: Սպասվում է, որ դրանք Թուրքիային կմատակարարվեն 2020 թվականին:
Այդ առիթով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով:
Tert.am