Էրդողանը Աֆրինի գործողությամբ ներքաղաքական լուրջ խնդիր լուծեց իր օգտին. Թուրքագետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աֆրինի ներխուժմամբ Թուրքիայի ներքաղաքական կյանքում իր դեմ ծառացած մի շարք խնդիրներ լուծեց։ Այս մասին, այսօր՝ հունվար 25–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի ներսում վերջին շրջանում ներքաղաքական լուրջ խմորումներ կային, որոնք իջեցրել էին Էրդողանի վարկանիշը։
«Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում արտակարգ դրության հայտարարումը եւ դրա շարունակական երկարաձգումը, քաղաքական գործիչների, լրագրողների ու մտավորականների ձերբակալությունները, մի շարք լրատվամիջոցների փակումը լուրջ դժգոհություններ էին առաջացրել թուրքական հասարակության մեջ»,–նշեց Իսպիրյանը՝ հիշեցնելով լուրջ խնդիրները արեւմուտքի ու արեւելքի երկրների հետ։
«Էրդողանը, Աֆրինի գործողությունը նախաձեռնելով՝ չեղարկեց արտաքին քաղաքականության բացասական ազդեցությունն իր վարկանիշի վրա, չեղարկեց երկար սպասված նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ քաղաքական դաշտ իջնելու շնորհանդեսը եւ մոռացնել տվեց երկրի ներսում կատարվող ոչ ժողովրդավարական իրողությունները»,–ամփոփեց թուրքագետը։