Էրդողանը չի բացառել, որ թուրքական ԶՈւ-ն կհասնի մինչև Իրաքի սահման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինից հետո պատրաստվում է շարժվել Մանբիջ՝ պայքարելով այնտեղ գտնվող քրդական ջոկատների դեմ, գրում է թուրքական «Քարար» պարբերականը:
Ավելին՝ Էրդողանը չի բացառել, որ թուրքական բանակն այս գործողությամբ կհասնի մինչև Իրաքի սահման: «Աֆրինի գործողությունը կշարունակենք այնքան, մինչև չհասնենք մեր առջև դրված նպատակին: Դրանից հետո էլ կմաքրենք Մանբիջն այդ ահաբեկիչներից, դրա վերաբերյալ մեզ խոստումներ կան տրված: Թող ոչ ոք անհանգիստ չլինի դրանից, քանի որ Մանբիջի իրական տերերը ոչ թե դրանք են, այլ մեր արաբ եղբայրները: Եթե անհրաժեշտ լինի՝ կհասնենք մինչև Իրաքի սահման՝ չթողնելով գեթ մեկ ահաբեկիչ այդ տարածքում», - ասել է Էրդողանը:Աղբուրը հիշեցնում է նաև Մանբիջում ամերիկացի զինվորների ներկայության փաստը՝ շեշտելով թուրքական ու ամերիկյան ուժերի հնարավոր բախման ու դրա հետևանքների վտանգի մասին:Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք չեն սահմանափակվի սիրիական Աֆրինում ռազմական գործողությամբ և կհասնեն մինչև Մանբիջ: Նա շեշտել էր, որ Մանբիջը քուրդ զինյալներից մաքրելու ծրագիր իրենք վաղուց ունեն և անգամ պայմանավորվածություն են ունեցել ԱՄՆ-ի հետ, սակայն նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն իրենց «խաբել է»:Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
tert.am/