Դամասկոս. Դեյր-էլ-Զորի դեմ ամերիկյան կոալիցիայի հարձակումը «պատերազմական ոճրագործություն» է
Սիրիայի ԱԳ նախարարությունը հինգշաբթի գիշեր նոտա հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զորի դեմ հակաիլիպական կոալիցիայի ռազմական ինքնաթիռների հարձակումը «պատերազմական ոճրագործություն» անվանեց: Հարձակման հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին Սիրիայի պետական ուժերի ավելի քան 100 զորայիններ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նամակներում նշված է. «Այս հարձակումը բացահայտեց Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Սիրիայի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի չար նպատակները»:
Սիրիայի ԱԳ նախարարությունը պահանջել է դատապարտել Դեյր-էլ-Զորի դեմ ամերիկյան կոալիցիայի հարձակումը:
Սիրիայի կառավարությունը բողոքի նոտաներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին բազմիցս պահանջել է վերջ տալ Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին:
Իրաքում ու Սիրիայում այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի հարձակումներին հետևող «Էյրվարզ» դիտորդական խումբը վերջերս հայտարարեց, որ 2014 թվականից ի վեր, Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 խաղաղ քաղաքացի:
Ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն հարձակումներ է իրականացնում Սիրիայում ու Իրաքում, սպանելով այդ երկրների խաղաղ քաղաքացիներին: