Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ավիաբազաներ կստեղծեն Սիրիայում. The Times
Ռուս և ամերիկացի զինվորականները Սիրիայում միմյանցից մոտ 50 կմ հեռավորությամբ՝ քրդերի և սիրիական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ավիաբազաներ են կառուցում, գրում է The Times-ը:
Ամերիկյան հետախուզության աղբյուրները հայտնել են, թե ռուս զինվորականներն ընդլայնում են Քամշլիի լքված միջազգային օդանավակայանը, որը վերահսկում են սիրիացի զինվորականները:
Հաղորդվում է, որ ռուսներն ուսումնասիրում են տեղանքը՝ այդտեղ իրենց ուժերը տեղակայելու համար:
Հետախուզության ներկայացուցիչների խոսքով՝ ռուս մասնագետներն արդեն ընտրել են պաշտպանական համակարգերի տեղակայման վայրը՝ սիրիական սահմանին թուրքական բանակի կողմից հնարավոր գործողություններից պաշտպանվելու համար:
Պարբերականը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս դժգոհություն էր հայտնել, որ մոտ 200 ռուս զինվորականներ սկսել են ամրացնել Քամշլիի օդանավակայանի թռիչքուղին:
Իր հերթին Stratfor-ը հայտարարել է, որ Պենտագոնը Սիրիայում քրդերի վերասկած տարածքներում առաջին ավիաբազան կստեղծի: Հաղորդվում է, որ այժմ Ռմեյլան քաղաքում գտնվող գյուղատնտեսական օդանավակայանում ամերիկյան ավիաբազա ստեղծելու հարցով զբաղվում են ԱՄՆ-ի մի քանի տասնյակ հատուկջոկատայիններ:
Նշվում է, որ արբանյակային նկարներում երևում է, որ թռիչքուղին արդեն 700 մետրից հասցվել է 1315 մետրի: Ենթադրվում է, որ դա թույլ կտա այնտեղ ռազմատրանսպորտային միջին ինքնաթիռների և ռմբակոծիչների վայրէջքը:
tert.am
23/1/2016