Ռուսաստանն անդրադարձել է Վրաստանում ամերիկյան բիոլոգիական լաբորատորիայի աշխատանքին
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը մտահոգություն է հայտնել Վրաստանում ամերիկյան բիոլոգիական լաբորատորիայի գործունեության կապակցությամբ :
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը չորեքշաբթի օրը «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան մտահոգ է Վրաստանում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ աշխատող «Ռիչարդ Լոգար»-ի լաբորատորիայի գործունեության կապակցությամբ, որտեղ, ինչպես նշվում է, բիոլոգիական զենք է փորձարկվում:
«Մոսկվան Թբիլիսիից ու Վաշինգտոնից ակնկալում է թափանցիկ բացատրություն ներկայացնել Վրաստանի տարածքում և Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ աշխատող լաբորատորիայի իրական գործունեության մասին»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ հակազդելով Հայաստանի տարածքում նման մեկ այլ լաբորատորիայի գործունեությանը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը մշակում են մի փաստաթուղթ, որը բացառում է Հայաստանում արտասահմանցի զորային ուժերի ներկայությունը: