Bloomberg. Նորվեգիան մտադիր է գազի շուկայում «նեղել» Ռուսաստանին
Նորվեգիայի իշխանությունները թույլատրել են ավելացնել երկրի խոշորագույն հանքավայրից գազի արդյունահանման ծավալները, որպեսզի հնարավոր լինի շուկայում մրցակցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ:
Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նորվեգական Statoil ASA ընկերությունը:
Խոսքը Troll հանքավայրի մասին, որտեղ գազի արդյունահանումը ծրագրվում է ավելացնել միանգամից 10%-ով: Gazeta-ի փոխանցմամբ, դա տեղի կունենա 2016 թվականի հոկտեմբերից:
Ըստ Bloomberg-ի, այս որոշումը Նորվեգիային թույլ կտա Ռուսաստանին զգալիորեն ճնշել Եվրոպայի գազային շուկայում: Ռուսական «Գազպրոմ»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է գերազանցել դեպի Եվրոպա գազի արտահանման սեփական ռեկորդը, որը սահմանել է 2013 թվականին:
Troll հանքավայրում վերջերս ներդրված տեխնիկական ռոբոտների օգնությամբ հնարավոր է դարձել գազի արդյունահանումը հասցնել տարեկան 33 մլրդ խորանարդ մետրի, ինչը հավասար է Ֆրանսիայի տարեկան գազի ծախսին:
Troll-ը Նորվեգիայի ամենամեծ գազի հանքավայրն է, որին բաժին է հասնում երկրի մնացած պաշարների 48%-ը: