Լուկաշենկոն կորոնավիրուսի ռուսական թեստերն անարդյունավետ է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i119510-Լուկաշենկոն_կորոնավիրուսի_ռուսական_թեստերն_անարդյունավետ_է_անվանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը հրաժարվել է ռուսական արտադրության կորոնավիրուսի ախտորոշման թեստերից, քանի որ դրանք կեղծ դրական արդյունք են ցույց տալիս: Այս մասին Լուկաշենկոն ասել է STV հեռուստաալիքով, փոխանցել է Tut.by պորտալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2020 07:33 Asia/Tehran
  • Լուկաշենկոն կորոնավիրուսի ռուսական թեստերն անարդյունավետ է անվանել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը հրաժարվել է ռուսական արտադրության կորոնավիրուսի ախտորոշման թեստերից, քանի որ դրանք կեղծ դրական արդյունք են ցույց տալիս: Այս մասին Լուկաշենկոն ասել է STV հեռուստաալիքով, փոխանցել է Tut.by պորտալը:

«Մենք շատ ենք թեստավորում, բայց ես պետք է անկեղծորեն ասեմ, թե ինչ եմ հայտնաբերել՝ հիմնվելով այս տեղեկատվության վրա, և ոչ միայն ես. թեստերն անպիտան են: Այստեղ նույնիսկ ռուսաստանցիներ են հետազոտվել (նրանք եկել են ատոմակայան), բոլոր 15 հոգին բուժվել են, հետազոտվել և թեստավորվել ռուսական թեստերով. բոլորը դրական արդյունքով: Կրկին հոսպիտալացվել են բուժման նպատակով: Հրաժարվեցինք ռուսական թեստերից, վերցրինք մերը՝ չինականը. միայն մեկ դրական պատասխան»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Խոսքը 15 ռուսաստանցու մասին է, որոնք աշխատում են Գրոդնոյի շրջանում ատոմակայանի շինարարությունում: Անցած շաբաթ նրանք հոսպիտալացվել էին կորոնավիրուսի ախտորոշմամբ:

Լուկաշենկոն հավելել է, որ Կոմունարկայի հիվանդանոց այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հաղորդել է ռուսաստանյան թեստերի 40%-անոց արդյունավետության մասին: Բելառուսի նախագահի կարծիքով, դրանց արդյունավետությունը չի գերազանցում 30%-ը: Միևնույն ժամանակ, նա բելառուսներին կոչ է արել «կորոնավիրուսի հետ կապված շատ չտանջվել»:

Ավելի վաղ Ռուսաստանը կորոնավիրուսի ախտորոշման 10 հազար թեստ է անվճար տրամադրել Բելառուսին:

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում ոչ ոք չի մահանում և չի մահանա կորոնավիրուսից: Նրա կարծիքով, մարդիկ մահանում են ոչ թե վարակից, այլ քրոնիկ հիվանդություններից, որոնք սրվում են դրա ֆոնին:

1in.am