Հայտնի են կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամենաանվտանգ և վտանգավոր երկրները
Forbes-ը, վկայակոչելով Deep Knowledge Group-ի նոր զեկույցի տվյալները, կազմել է երկրների վարկանիշը՝ ելնելով կորոնավիրուսով հիվանդացության անվտանգության չափանիշներից:
Ինչպես պարզվել է, COVID-19 համավարակի պայմաններում ամենաանվտանգ երկիրը Շվեյցարիան է, իսկ առավել վտանգավոր երկիրը՝ Հարավային Սուդանը:
Փորձագետները երկրների վարկանիշը հաշվարկել են ելնելով կարանտինի, վարակվածների բացահայտման միջոցառումների արդյունավետությունից, ինչպես նաև գնահատել են տնտեսության կայունությունը: Վարկանիշի միջին՝ 57-րդ տեղը, ըստ նրանց, զբաղեցրել է Ռումինիան, 58-րդը՝ ԱՄՆ-ը: Ռուսաստանը հայտնվել է 61-րդ տեղում:
Իսկ ահա Գերմանիան գրեթե ոչնչով չի զիջել Շվեյցարիային և զբաղեցրել է 2-րդ տեղը: «Բրոնզը» բաժին է հասել Իսրայելին: Առաջատարների շարքում են նաև Սինգապուրը, Ճապոնիան, Ավստրիան, Չինաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան:
Կորոնավիրուսով պայմանավորված ամենից ոչ բարեհաջող իրավիճակը այժմ Աֆրիկայի երկրներում է՝ Սահարայից դեպի հարավ, և Հարավային Ամերիկայում: Վարկանիշի վերջում են հայտնվել մի քանի մերձավորարևելյան երկրներ և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները:
1in.am