Կանադան Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցրել է
(last modified Tue, 06 Oct 2020 07:16:55 GMT )
Հոկտեմբեր 06, 2020 10:46 Asia/Tehran
  • Կանադան   Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը   կասեցրել է

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել է ԱԳ նախարարը:

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունը այս տարի ավելի վաղ արտոնագիր է ստացել և նմանատիպ յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք ֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Հոկտեմբերի 2-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել և հրթիռակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաք, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio