Ժնևի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան
(last modified Thu, 08 Oct 2020 07:43:58 GMT )
Հոկտեմբեր 08, 2020 11:13 Asia/Tehran
  • Ժնևի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան

Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ:

Խորհրդի 80 անդամների քննարկմանը ներկայացված բանաձևը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք»: Դրանում կատարվում է պատմական ակնարկ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման, պարբերաբար ու գազանորեն այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումների, այդ թվում 1988-ից սկսած Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում կոտորածների մասին, հիշատակվում են նաև ՀՀ սահմանների նկատմամբ 2020թ. հուլիսին Ադրբեջանի հարձակումները, նշվում է Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, դատապարտվում են քաղաքացիական բնակչության դեմ կատարվող ոճրագործությունները, կոչ է արվում քաղաքային խորհրդին անել հնարավորը, որպեսզի պահպանվեն միջազգային հումանիտար իրավունքի, Ժնևյան կոնվենցիայի բոլոր դրույթները:

«Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,-նշվում է խաղաքային խորհրդի բանաձևում:

Հատկանշական է բանաձևի ընդունումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնև այցի նախաշեմին: Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Բայրամովը Ժնևում ունենալու է հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio