Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին
https://parstoday.ir/hy/news/world-i126681-Թուրքիայի_և_Իսրայելի_կողմից_Ադրբեջանի_զինումը_խախտել_է_սպառազինության_բալանսը._Զատուլին
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2020 14:05 Asia/Tehran
  • Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է ասում, թե ինչ պետք է անել:

«Հիշեցնեմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը միանգամից մերժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, մինչդեռ այդ ժամանակ չէր հասցրել արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Էրդողանը հայտարարել էր, որ պետք չէ կրակը դադարեցնել»,- նշել է Զատուլինը:

 ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի կարծիքով` ցինիկ է, երբ զենք է մատակարարվում երկու կողմերին, ավելի ցինիկ է, երբ զենք է մատակարարվում մի կողմին: «Եվ այս դեպքում հենց դրանով էլ զբաղվում են Թուրքիան և Իսրայելը, որոնք մատակարարում են (Ադրեջանին- խմբ.) ավելի շատ զենք, քան Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը պահպանում էր բալանսը տարածաշրջանում: Այդ բալանսը խախտվել է, և դա է ռազմական գործողությունների վերսկսման պատճառը»,- ընդգծել է Զատուլինը:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը մեծ հույս ունի, որ, չնայած նրան, որ ինչպես հաճախ է լինում, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունից հետո արձանագրվում են փոխհրաձգություններ և կողմերը միմյանց մեղադրում են խախտումների մեջ, ամեն դեպքում կրակի դադարեցման համաձայնությունը և խաղաղ բանակցությունների դաշտ տեղափոխումը  կյանք կստանա և, ի վերջո, կստիպի չեղարկել ռազմական ծրագրերը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio