ԱՄՆ «սադրիչ» գաղափարը և ՌԴ դերը Կովկասում
https://parstoday.ir/hy/news/world-i127749-ԱՄՆ_սադրիչ_գաղափարը_և_ՌԴ_դերը_Կովկասում
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ամբողջական տեղեկություն չունեն ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ գաղափարի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2020 14:40 Asia/Tehran
  • ԱՄՆ «սադրիչ» գաղափարը և ՌԴ դերը Կովկասում

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ամբողջական տեղեկություն չունեն ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ գաղափարի մասին:

Այդ գաղափարի մասին, ինչպես հայտնի է, խոսել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Եթե ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ չունի դրա վերաբերյալ ամբողջական տեղեկություն, ապա այստեղ առաջանում է մի քանի հարց: ԱՄՆ-ը դեռ չի՞ հասցրել փոխանցել գաղափարը Մինսկի խմբի մյուս համանախագահներին, թե՞ պարզապես չի էլ ուզել անել դա: Բայց մյուս կողմից՝ շատ դժվար է մտածել, թե Նահանգները կարող էր պատկերացնել, որ, օրինակ, հնարավոր է առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու իրականացնել այդպիսի գաղափար: Ավելին, այստեղ բանն անգամ Ռուսաստանը չէ միայն, այլ նվազագույնը Ռուսաստանը: Որովհետև կա Իրան, և միաժամանակ կա նաև Թուրքիայի հանգամանքը, այսպես ասած, Ադրբեջանի թևից: Հետևաբար առաջանում է մյուս հարցը: Իսկ արդյոք Օ՛Բրայանի հայտարարության նպատակը չի՞ եղել ընդամենը նախընտրական, հայկական համայնքին սիրաշահելու համար՝ հաշվի առնելով այն, որ ամերիկահայության ականջի համար այդ միտքը կարող է լինել բավականին ընդունելի:

Այդպիսով, սա իսկապես առանցքային հարց է՝ վերջին օրերին ամերիկյան ներգրավվածության աշխուժությունը իսկապե՞ս քաղաքականություն է, թե՞ քարոզչություն՝ նախընտրական քարոզչություն, որ փորձում է իրականացնել նախագահ Թրամփի թիմը նոյեմբերի 3-ին՝ վաղը կայանալիք ընտրությանն ընդառաջ: Որովհետև եթե ԱՄՆ վարչակազմը Արցախի դեմ պատերազմը դիտարկում է իսկապես գերազանցապես նախընտրական պրիզմայով, ապա դա ուղղակի նշանակում է, որ ԱՄՆ-ը հանձնել է Կովկասի անվտանգային համակարգում իր դերը, որ ունեցել է հետխորհրդային ժամանակաշրջանում, և որը եղել է ռեգիոնալ կայունության կարևոր գրավականներից մեկը: Եթե ԱՄՆ-ը հանձնել է իր դերը, ապա դա բացարձակապես այլ իրավիճակ է, և չի բացառվում, որ հենց դրա արձանագրումն է նաև, որ Հայաստանն իր հերթին մեջտեղ է բերում Մոսկվայի ռազմաքաղաքական դերի հարցում առանցքային՝ հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը: Թե՞ ԱՄՆ-ն իր դերը հանձնում է հենց այն նկատառումով, որ Մոսկվան դադարի ռեգիոնալ քաղաքականության հարցում «մակաբուծել» այդ դերի վրա՝ լիարժեք չկատարելով իրենն ու սեթևեթելով Անկարայի հետ, և վերջապես անդրադառնա իր լիարժեք դերին:

Այսինքն՝ խնդիրը ռուսական քաղաքականության լիարժեք դերն է, ոչ թե սկանդինավյան խաղաղապահների գաղափարի վերաբերյալ լիարժեք տեղեկատվությունը:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio