Ռուսաստանը ռեկորդային ծավալի գազ է վաճառել Թուրքիային պատերազմից առաջ
https://parstoday.ir/hy/news/world-i128418-Ռուսաստանը_ռեկորդային_ծավալի_գազ_է_վաճառել_Թուրքիային_պատերազմից_առաջ
Գազպրոմ ընկերությունը 2020 թվականի սեպտեմբերին էապես ավելացրել է Թուրքիա գազի մատակարարման ծավալը 2020 թվականի հունվարից արձանագրված անկման համեմատ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 18:29 Asia/Tehran
  • Ռուսաստանը ռեկորդային ծավալի գազ է վաճառել Թուրքիային պատերազմից առաջ

Գազպրոմ ընկերությունը 2020 թվականի սեպտեմբերին էապես ավելացրել է Թուրքիա գազի մատակարարման ծավալը 2020 թվականի հունվարից արձանագրված անկման համեմատ:

Ավելին, սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Գազպրոմ ընկերությունը կրկնապատկել է գազի վաճառքը Թուրքիային: Եթե 2019 թվականի սեպտեմբերին Թուրքիա է մատակարարվել 1 միլիարդ խորանարդ մետրից քիչ ավելի, ապա 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիա մատակարարված գազի ծավալը գերազանցել է 1,9 միլիարդ խորանարդը:

Այդ ամենը հատկանշական է այն պարագայում, որ 2020 թվականի ընթացքում 25 տոկոսով նվազել էր Թուրքիա Գազպրոմի մատակարարումը: Իբրեւ պատճառ նշվում էր այն, որ Թուրքիան գտել է մատակարարման այլ աղբյուրներ, այդ թվում սեղմած գազի:

Միաժամանակ, փորձագիտական շրջանակներում նաեւ կար այն կարծիքը, որ Գազպրոմի մատակարարումների անկումը պայմանավորված էր Սիրիայի Իդլիբում եւ Լիբիայում ռուս-թուրքական հակադրություններով եւ ռազմական բախումներով, ինչը սրել է հարաբերությունն ու Թուրքիային մղել ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու որոշման:

Ըստ այդմ առնվազն հարց է առաջանում, ի՞նչ պատահեց սեպտեմբերին, որ տարվա ընթացքում մատակարարումների գրեթե ռեկորդային անկման պայմաններում տեղի է ունենում ռեկորդային աճ, եւ Գազպրոմը նախորդ տավա սեպտեմբերի համեմատ Թուրքիային վաճառում է գրեթե կրկնակի ծավալի գազ:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց Թուրքիայի պատերազմն Արցախի դեմ, որը գնահատվեց նաեւ Թուրքիայի պատերազմ ռուսական կենսական շահերի գոտի Կովկասի դեմ՝ հաստատվելու եւ պայմաններ թելադրելու համար: Ընդ որում, այդ գնահատականը, որ Թուրքիան ապտակ է հասցնում Ռուսաստանին եւ ներխուժում նրա կենսական շահերի գոտի, պատերազմի առաջին օրերից հնչեցրել են հենց ռուսաստանյան պետական թոք-շոուների հրավիրվող փորձագետները: Այդօրինակ գնահատական հնչեցրել են նաեւ Ռուսաստանի ուժային կառույցների նախկին բարձրաստիճան զինվորականներ, որոնք ներկայում զբաղվում են փորձագիտական աշխատանքով:

Ստացվում է, որ Թուրքիան գրոհել է ռուսական կենսական շահերի գոտի մի ամսի 27-ին, որի ընթացքում ռուսական Գազպրոմը արձանագրել է թուրքական շուկա ռեկորդային բարձր թվով մատակարարում: Ի դեպ, Թուրքիան որպես շուկա Գազպրոմի համար առեւտրային նշանակությամբ համարվում է երկրորդը Գերմանիայից հետո:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio