Կյանքի է կոչվում ԼՂ–ի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությունը. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի ղեկավարի խոսքով` անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը: Այսպիսի հայտարարություն արեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում։
«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- ասաց Պուտինը:
Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը:
«Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշեց ՌԴ նախագահը:
Նրա խոսքով`քննարկվում է նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio