Ադամ Շիֆը քննադատել է Թրամփի աշխատանքը
Քննադատելով Դոնալդ Թրամփի աշխատանքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահը հայտարարել է. «Մինչ նախագահը գոլֆ է խաղում, ամերիկյան ընտանիքները սոված են:
«Մինչ նախագահը գոլֆ է խաղում, ավելի քան 10 միլիոն ամերիկացիներ կանգնած են գործազրկության ապահովագրությունը կորցնելու եզրին, իսկ նահանգները չունեն պատվաստանյութերի ձեռքբերման բյուջե, վարձակալների ժամկետը լրանումէ ու նրանք գումար չունեն վճարելու համար, մեծ թվով ընտանիքներ սոված են»:
Շիֆը հավելել է. «Արդյոք նա (Թրամփը) գիտի՞ դա: Արդյոք այս խնդիրը նրա համար կարևո՞ր է: Իջեք գոլֆի խաղադաշտից և ստորագրեք օրինագիծը (կորոնավիրուսային պայմաններում բնակիչներին տրամադրվող աջակցության փաթեթի վերաբերյալ)»:
Կոնգրեսի օգնության փաթեթը ներառում է գործազուրկներին տրամադրվող ֆինանսական օժանդակության երկու ծրագիր, որոնցից մեկի համաձայն, Միացյալ Նահանգներում գործազուրկները մարտի սկզբին որպես գործազրկության ապահովագրություն կստանան շաբաթական շուրջ 300 դոլար:
Օրինագիծը հաստատվելու համար պահանջվում է Դոնալդ Թրամփի ստորագրությունը, ինչը նա հրաժարվել է անել: