Ռուս-թուրքական կենտրոնը բացվեց. ովքե՞ր են ներկա եղել բացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i132232-Ռուս_թուրքական_կենտրոնը_բացվեց._ովքե_ր_են_ներկա_եղել_բացմանը
Կենտրոնն ուղիղ կապ ունի Ղարաբաղյան հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2021 19:44 Asia/Tehran
  • Ռուս-թուրքական կենտրոնը բացվեց. ովքե՞ր են ներկա եղել բացմանը

Կենտրոնն ուղիղ կապ ունի Ղարաբաղյան հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

Աղդամի շրջանում (Ակնա) բացվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կենտրոնն իրականացնելու է հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքում, ամփոփում և ստուգում: Հսկողությունն իրականացվելու է անօդաչու թռչող սարքերի կիրառման, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով», - լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ–ից։

Ռուս-թուրքական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով` յուրաքանչյուր կողմից 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio