Ինչ օրակարգով են համանախագահները ժամանելու ԼՂ (Արցախ)
https://parstoday.ir/hy/news/world-i132306-Ինչ_օրակարգով_են_համանախագահները_ժամանելու_ԼՂ_(Արցախ)
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ծրագրված է Մինսկի խմբի համանախագահների այցը ԼՂ (Արցախ), սակայն հստակ չէ ժամկետը, և այժմ կատարվում է աշխատանք կողմերի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2021 14:48 Asia/Tehran
  • Ինչ օրակարգով են համանախագահները ժամանելու ԼՂ (Արցախ)

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ծրագրված է Մինսկի խմբի համանախագահների այցը ԼՂ (Արցախ), սակայն հստակ չէ ժամկետը, և այժմ կատարվում է աշխատանք կողմերի հետ:

Մինսկի խմբի համանախագահների այցը ԼՂ (Արցախ), անկասկած, ողջունելի հանգամանք է, թեև ամենևին ոչ մոգական: Այսինքն՝ դա ամենևին չի նշանակելու Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերակենդանացում կամ ապասառեցում: Շատ էական է, թե այցն ինչ տրամաբանությամբ և ինչ օրակարգով է տեղի ունենալու: Կարևոր են լինելու անգամ դետալները, թե ինչ երթուղով են համանախագահները այցելելու Արցախ, այսինքն՝ Հայաստանի՞ց, թե՞ Բաքուն պահանջելու է, որպեսզի նրանք այցելեն ու վերադառնան Ադրբեջանի տարածքով:

Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը Հայաստանի համար ունի էական նշանակություն, քանի որ այդ ձևաչափն է այլընտրանքը ռուս-թուրքական դոմինանտության, որն իրականում թուրքական դոմինանտություն է՝ Ռուսաստանի ձայնակցությամբ: Որքան էլ Մոսկվան ձայնակցում է դժկամ և ստիպված, միևնույն է ձայնակցում է, և դրանից մշտապես, մեղմ ասած, ցավում է Հայաստանի գլուխը: Այդ իմաստով, Մինսկի խմբի համանախագահությունը, մեծ հաշվով, հայկական անվտանգության ձևաչափ է, թեկուզ ոչ ամբողջական, ոչ բացարձակ, սակայն հայկական անվտանգության ձևաչափ: Մյուս կողմից, սակայն, այստեղ թերևս հարկ է շոշափել մի կարևոր հարց: Հայաստանը և Արցախը որքան ներդաշնակ են Մինսկի խմբի համանախագահության աշխուժացմանն առնչվող հարցերում, և հայկական քաղաքականությունն այդ առումով որքանով է անկախ Ռուսաստանից: Ռուսաստանն, իհարկե, հազիվ թե հրաժարվի Մինսկի խմբի համանախագահությունից, քանի որ այդ ձևաչափում լինելը Մոսկվային որոշակի առավելություն է տալիս Թուրքիայի նկատմամբ:

Մյուս կողմից, սակայն, եթե Թուրքիան արդյունավետ աշխատի ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ (իսկ Էրդողանը ներկայումս ջանքերը կենտրոնացրել է հենց այդ ուղղությամբ), Մինսկի խումբը Ռուսաստանի համար կարող է դառնալ անհարմար, ինչը կարող է բերել Հայաստանի վրա ճնշումների, այսինքն՝ Հայաստանի կամ Արցախի միջոցով Մինսկի խմբի գործունեությունը մերժելու կամ տորպեդահարելու մտայնության: Առավել ևս, որ դեկտեմբերին կարծես թե եղավ այդօրինակ մի դրվագ, երբ Արցախի նախագահը հրաժարվեց Երևանում հանդիպել ռեգիոն ժամանած ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին՝ պատճառաբանությամբ, թե չկար ռուսաստանցի համանախագահը: Թերևս, կասկած չկա, որ Արայիկ Հարությունյանը այդ որոշումը կայացրել է որևէ քաղաքական ճնշման ներքո, քանի որ նա, այդուհանդերձ, եկել էր Երևան այդ հանդիպման համար և հրաժարվել է արդեն Երևանում, թեև մինչ այդ հայտնի էր, որ ռուսաստանցի համանախագահը չի եկել ռեգիոն: Այդպիսով, Մինսկի խմբի համանախագահների Արցախ այցը, ինքնին լինելով ողջունելի, շատ կարևոր է, որպեսզի ավելի համարժեք և համահունչ լինի հայկական շահերին: Առավել ևս այն դեպքում, երբ պատերազմի հետևանքով, այսպես ասած, բավարարվել են թուրք-ադրբեջանական, անգամ ռուսական որոշակի շահերը, և հայկականն է, որ մնացել է քաղաքական-դիվանագիտական գործընթացի հույսին:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio