Զախարովան խոսել է ԼՂ խնդիրը քաղաքական տարբերակով լուծելու անհրաժեշտության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i141792-Զախարովան_խոսել_է_ԼՂ_խնդիրը_քաղաքական_տարբերակով_լուծելու_անհրաժեշտության_մասին
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2021 06:49 Asia/Tehran
  • Զախարովան խոսել է ԼՂ խնդիրը քաղաքական տարբերակով լուծելու անհրաժեշտության մասին

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Մինսկի խմբի ձևաչափը միջազգային մեծ աջակցություն ունի:

Զախարովան հիշեցրել է 2021 թվականի ապրիլի 13-ին համանախագահ երկրների հայտարարությունը, որում ընդգծվում էր «ղարաբաղյան հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման հասնելուն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը»:

«Այս առումով Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արվել առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը ` համանախագահների հովանու ներքո: Ընդգծվել են հարցերը, որոնց լուծման համար հավելյալ ջանքեր են հարկավոր: Դրանց թվում են ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձը` միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղի հասանելիության սահմանափակումների վերացումը, այդ թվում և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը, հակամարտությունից տուժած համայնքների միջև ուղիղ շփումների և համագործակցության ընդլայնումը և մարդկանց միջև վստահության ամրապնդումը»,- նշել է Զախարովան՝  ընդգծելով, որ Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները, հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, շարունակում են առարկայական մնալ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio