Ադրբեջանը հայտնվել է «անազատ մամուլ» ունեցող երկրների վերջին շարքում
https://parstoday.ir/hy/news/world-i14188-Ադրբեջանը_հայտնվել_է_անազատ_մամուլ_ունեցող_երկրների_վերջին_շարքում
Կենտրոնակայանը ԱՄՆ-ում գտնվող միջազգային Freedom House կազմակերպությունը ապրիլի 27-ին հրապարակել է «Մամուլի ազատություն 2016» զեկույցը, որում աշխարհի 199 երկրների մեջ Ադրբեջանը նշված է «անազատ մամուլ» ունեցող երկրների վերջին շարքում` 189-րդ տեղում` ստանալով «անազատ» կարգավիճակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2016 08:42 Asia/Tehran
  • Ադրբեջանը հայտնվել է «անազատ մամուլ» ունեցող երկրների վերջին շարքում

Կենտրոնակայանը ԱՄՆ-ում գտնվող միջազգային Freedom House կազմակերպությունը ապրիլի 27-ին հրապարակել է «Մամուլի ազատություն 2016» զեկույցը, որում աշխարհի 199 երկրների մեջ Ադրբեջանը նշված է «անազատ մամուլ» ունեցող երկրների վերջին շարքում` 189-րդ տեղում` ստանալով «անազատ» կարգավիճակ:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում դժգոհների հարթակները ավերող իշխանությունը խորացրել է տեղեկատվական հոսքի նկատմամբ համակարգված վերահսկողությունը:

«Մամուլի ազատությամբ Ադրբեջանի հետընթացի պատճառն այն է, որ մինչ այժմ բացահայտված չէ ճանաչված լրագրողի սպանությունը: Ավելին, անցյալ տարի Եվրոպական խաղերի շրջանակում իշխանությունը սահմանափակումներ է կիրառել լրագրողների նկատմամբ», -ասվում է զեկույցում:

Freedom House-ն ընդգծել է, որ Անգոլայի եւ Ադրբեջանի հետ որոշ երկրներում բարձր մակարդակի շրջանակներում կոռուպցիայի մասին գրած լրագրողները ենթարկվել են խիստ իրավական հետապնդումների, ձերբակալվել կասկածելի մեղադրանքներով:

Զեկույցում ասվում է, որ աշխարհի բնակչության ընդամենը 13 տոկոսն է օգտվում «ազատ» մամուլից: Աշխարհի բնակչության 41 տոկոսը բնակվում է «մասնակի ազատ», 46 տոկոսը` «անազատ» մամուլ ունեցող երկրներում:

Ըստ Freedom House-ի` աշխարհում «ամենաանազատ» մամուլ ունեցող երկրներ են Ադրբեջանը, Բելոռուսը, Կուբան, Էկվատորային Գվինեան, Էրիթրեյան, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

Ազատ մամուլ ունեցող երկրներ են Նորվեգիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Դանիան, Անդորան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը:

Զեկույցում Հայաստանը նշված է 139-րդ տեղում, Վրաստանը` 96-րդ տեղում:

Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել է, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմայիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել է, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանակն Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: Օրերս հեռուստաալիքը տակնուվրա է արել զորքերի շփման գծում իրավիճակի սրացման ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների թվաքանակի մասին պաշտոնական տվյալները, եւ հայտնաբերել, որ կորուստները մի քանի անգամ շատ են:

The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ է տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV:

Լրագրողներն առանց սահմանների կազմակերպությունը ապրիլի 20-ին հրապարակել է Մամուլի ազատության ինդեսքը, որում աշխարհի 180 երկրների մեջ Ադրբեջանը նշված է 163-րդ տեղում, Հայաստանը` 74, Վրաստանը` 64, Ռուսաստանը` 148-րդ տեղում: