Ղարաբաղում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, խոշոր միջադեպեր չեն եղել. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i142832-Ղարաբաղում_որտեղ_ռուս_խաղաղապահներ_են_տեղակայված_խոշոր_միջադեպեր_չեն_եղել._Լավրով
Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2021 09:48 Asia/Tehran
  • Ղարաբաղում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, խոշոր միջադեպեր չեն եղել. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Ղարաբաղում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, խոշոր միջադեպեր չեն եղել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ մեր խաղաղապահներն իրացնում են իրենց մանդատը, որևէ խոշոր միջադեպ չկա՝ դա ընդունում են թե Բաքվում, թե Երևանում։ Առանձին մանր պատահարներն արագ կարգավորվում են։ Այո, ադրբեջանա-հայկական սահմանին առանձին հատվածներում լարվածություն կա, բայց դա կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում։

«Արյունահեղությունն ավարտվել է, մի քիչ ավելի ուշ, քան մենք առաջարկել էինք կողմերին, ու մեր մեղքը չէ, որ պատերազմը ձգվել է ավելին, քան կարող էր։ Խաղաղությունը հաստատվել է ավելի ուշ, քան կարող էր։ Մենք ընդամենը միջնորդներ էինք ու չէինք կարող կողմերին ստիպել, կարող էինք միայն համոզել, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է ու ծայրահեղ վտանգավոր այն բանի համար, թե հետո ինչպես են այս հողում ապրելու մարդիկ»,-ասել է Լավրովը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio