Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահներ չեն լինի. Կրեմլ
https://parstoday.ir/hy/news/world-i145086-Հայաստանի_ու_Ադրբեջանի_սահմանին_ռուս_խաղաղապահներ_չեն_լինի._Կրեմլ
Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ ռուս սահմանապահները կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական խմբերը տեղակայվեն Սոթք-Խոզնավար հատվածում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 11:50 Asia/Tehran
  • Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահներ չեն լինի. Կրեմլ

Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ ռուս սահմանապահները կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական խմբերը տեղակայվեն Սոթք-Խոզնավար հատվածում:

Կրեմլում հերքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա բանակցությունների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը:

«Ոչ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, բանակցությունների ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր, մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածում խաղաղապահների տեղակայման մասին:

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել էր Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Եվրամիությունը ողջունում է Փաշինյանի առաջարկը միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio