Ալիևը քննադատել է ՄԱԿ-ին՝ Հայաստանի դեմ բանաձևերը չկատարելու համար
Ադրբեջանում ՄԱԿ-ի նոր համակարգող Վլադանկա Անդրեևայի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով Ադրբեջանի տարածքների օկուպացիայի դադարեցման անհրաժեշտությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.«Թեև այս տարածքներից Հայաստանի դուրս գալը բազմիցս ընդգծվել է ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևերում, սակայն այդ բանաձևերը ցավոք, երբեք չեն իրականացվել, և մենք բազմիցս քննադատել ենք Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման կայուն գործընթացի և մեխանիզմի բացակայությունը»:
Բաքվից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի նախագահը հավելել է.«Բաքվին մտահոգում է ՄԱԿ-ի բանաձևերի իրականացման եղանակը, քանի որ այդ բանաձևերն ընդունող երկրները Անվտանգության խորհրդի մշտական անդամներից են և միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, և նրանք լիազորված էին կատարել այդ բանաձևերը,սակայն ցավոք անցած 28 տարիների ընթացքում Մինսկի խումբը բազմաթիվ հնարավորություններ է բաց թողել»:
Իլհամ Ալիևը նշել է, որ պատերազմի պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա է, որոնք չկարողացան կամ չցանկացան Երևանին ստիպել հարգել միջազգային կանոնները, արդյունքում Բաքուն այդ բանաձևերն իրականացրեց միջազգային իրավունքի շրջանակում: