Արցախում ադրբեջանական կողմը կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից սեպտեմբերի 6-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
«Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԼՂ-ի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ և նյութական վնաս չի արձանագրվել։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։
armenpress.am