Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատմանը
Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզայի ճանապարհորդություններին՝ վերջնական որոշում կայացնելու իրավունքը հանձնելով Եվրախորհրդարանին և ԵՄ անդամ երկրներին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Հանձնաժողովի որոշումը կայացվել է Բրյուսելում ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ:
Թուրքիան իրականացրել է առանց վիզայի ռեժիմ ձեռք բերելու 72 պայմաններից 65-ը, ասել է պաշտոնյաներից մեկը:
Հանձնաժողովը չորեքշաբթի օրը նաև որոշել է կողմ արտահայտվել Կոսովոյի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանմանը: Այդ որոշումը նույնպես պետք է հաստատվի ԵՄ երկրների և օրենսդիրների կողմից:
Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրները և օրենսդիրներն իրենց մտահոգություններն են հայտնել Թուրքիային առանց վիզայի կարգավիճակ տրամադրելու կապակցությամբ: Որոշումը պետք է հաստատի անդամ երկրների մեծամասնությունը և Եվրոպական խորհրդարանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրահանձնաժողովն այսօր մտադիր է կողմ արտահայտվել Շենգենյան գոտու տարածք մտնելու համար Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելուն՝ չնայած ԵՄ որոշ օրենսդիրների շրջանում անհանգստություններին։
Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։
ԵՄ-ն մտահոգվում է, որ առանց այդ գործարքի Թուրքիան միգրացիան չի վերահսկի։
shabat.am
4/5/2016