Պուտինն անվանել է ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն ու «պատմական Ռուսաստանի փլուզում»
https://parstoday.ir/hy/news/world-i158454-Պուտինն_անվանել_է_ԽՍՀՄ_փլուզումը_ողբերգություն_ու_պատմական_Ռուսաստանի_փլուզում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ընկալել է ԽՍՀՄ փլուզումը՝ որպես ողբերգություն, որպես պատմական Ռուսաստանի փլուզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2021 13:56 Asia/Tehran
  • Պուտինն անվանել է ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն ու «պատմական Ռուսաստանի փլուզում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ընկալել է ԽՍՀՄ փլուզումը՝ որպես ողբերգություն, որպես պատմական Ռուսաստանի փլուզում:

Երկրի ղեկավարի այդ կարծիքը հնչել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերով հեռարձակված «Ռուսաստան: Նորագույն պատմություն» ֆիլմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նույնպիսի ողբերգություն, ինչպես եւ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնության համար,-ասել է նա՝ ի պատասխան հարցին, թե անձամբ իր համար ի՞նչ էր նշանակում ԽՍՀՄ փլուզումը:-Ի՞նչ էր Խորհրդային Միության փլուզումը: Դա Խորհրդային Միություն անունով պատմական Ռուսաստանի փլուզումն էր»:

Նա հիշեցրել է, որ երկիրը կորցրել է տարածքի 40 տոկոսը, շուրջ այդքան արտադրական ուժ, բնակչություն: «Մենք վերածվել ենք բոլորովին այլ երկրի: Եւ այն, ինչը կառուցվել է հազարամյակի ընթացքում, էապես կորել է»,-հավելել է նա:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Միության փլուզման հետ «25 միլիոն ռուսաստանցիներ մեկ ակնթարթում հայտնվել են սահմաններից այն կողմ՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, որոնք ձեռք են բերել անկախություն, ինքնիշխանություն»:

«Նրանց համար (հանրապետությունների – խմբ.) դա լավ է, երեւի, սակայն մարդկանց համար, որոնք անկախ իրենց կամքից հայտնվել են սահմաններից այն կողմ, դա, անշուշտ, վատ է: Նրանց համար վերադարձն անհնարին էր, իրենց ազգականների հետ միավորումը հնարավոր չէր: Չկար ո՛չ աշխատատեղ, ո՛չ բնակության վայր: Դա մեծ հումանիտար ողբերգություն էր՝ առանց չափազանցնելու»,-պարզաբանել է Պուտինը:

news.am