Մարսի կանյոնում հայտնաբերվել են ջրի զգալի պաշարներ
https://parstoday.ir/hy/news/world-i159092-Մարսի_կանյոնում_հայտնաբերվել_են_ջրի_զգալի_պաշարներ
Ռուս-եվրոպական հետազոտական TGO (Trace Gas Orbiter) սարքը, որն աշխատում է Մարսի ուղեծրում, հայտնաբերել է ջրի զգալի պաշարներ Մարիներ հովիտներում (կանյոնների հսկայական համակարգ՝ ավելի քան 4 հազար կմ երկարությամբ, որը գտնվում է Մարսի հասարակածից ոչ հեռու)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2021 15:19 Asia/Tehran
  • Մարսի կանյոնում հայտնաբերվել են ջրի զգալի պաշարներ

Ռուս-եվրոպական հետազոտական TGO (Trace Gas Orbiter) սարքը, որն աշխատում է Մարսի ուղեծրում, հայտնաբերել է ջրի զգալի պաշարներ Մարիներ հովիտներում (կանյոնների հսկայական համակարգ՝ ավելի քան 4 հազար կմ երկարությամբ, որը գտնվում է Մարսի հասարակածից ոչ հեռու)։

Այս մասին գրում է «Վոկրուգ սվետա» պորտալը՝ հղում կատարելով Եվրոպական տիեզերական գործակալությանը (ESA)։

Գիտնականները համակարծիք են, որ հեռավոր անցյալում Մարսի վրա եղել են օվկիանոսներ եւ ներքին ջրամբարներ, բայց հետո ջրի զգալի մասը գոլորշացել է Մարսի բեւեռային մասերի խորքերում։ Ջրի ոչ մեծ քանակություն ավելի վաղ հայտնաբերվել էր նաեւ հասարակածին մոտ գտնվող հատվածներում. մոլորակի մակերեսին ջուրը պահպանվել է սառույցի եւ հիդրատացված հանքանյութերի տեսքով։

TGO-ի՝ 2018 մայիս-2021թ. փետրվար շրջանում հավաքած տվյալները վկայում են այն մասին, որ Մարիներ հովտի կանյոններում ջրի անհամեմատ ավելի զգալի ծավալներ կան, քան ենթադրվում էր։ Սարքի վրա տեղակայված՝ նեյտրոնների ռուսական FREND դետեկտորը գրանցել է նեյտրոնների արտանետումների համեմատաբար ցածր ծավալ տիեզերական ճառագայթման արդյունքում, ինչը վկայում է ընդերքի՝ ջրով հագեցածության մասին։ ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Ալեքսեյ Մալախովի խոսքով՝ Մերիներ հովտի կենտրոնական մասում (մոտ 41 հազ. կմ2 մակերեսով) ջրասառույցի պարունակությունը ոչ մեծ խորությունում մոլորակի մակերեսին կարող է կազմել 40 տոկոս։ Մարսյան այս շրջանը կարելի է համեմատել Երկրի հավերժական սառածության գոտու հետ, որտեղ սառույցը գտնվում է չոր ընդերքի բարակ շերտի տակ։

Այս հայտնագործությունը կարող է կարեւոր դեր խաղալ Մարսի յուրացման գործում։ Միանգամայն հավանական է, որ Մարիներ հովիտները դառնան ուսումնասիրման առարկա դեպի Մարս ապագա առաքելությունների ժամանակ, ներառյալ օդաչուավոր թռիչքները։ Ջրի համեմատական հասանելիությունը նույնպես այս շրջանը դարձնում է հեռանկարային՝ Մարսի պոտենցիալ յուրացման տեսակետից։

news.am